Ելակի բերքահավաքն այս տարի գյուղացիները 10 օր շուտ սկսեցին՝ ապրիլի երկրորդ կեսից, ինչը ելակ մշակողների համար հաջողություն կարող էր համարվել։ Բերքահավաքը սկսվեց, լավատեսությունը կորեց։
Արշալույսցի Սամվելը, տասը տարուց ավելի է, ելակի մշակությամբ է զբաղվում։ Սկզբում, ասում է, լավ էր, ցանքատարածությունները քիչ էին, սպառումն ավելի լավ էր իրականացվում, եկամտաբեր մշակաբույս էր համարվում։ Վերջին երեք տարում Սամվելը ելակից գրեթե եկամուտ չի ստանում․ նախ՝ բերքատվութունն է նվազել, հետո՝ սակագինը։ Այս տարի 1000 քմ ելակի ջերմոց է հիմնել։ Ասում է՝ եթե նախկինում այդ տարածքից շուրջ 70 տարա ելակ էր հավաքում, ապա այս տարի 10-12 տարա է կարողանում ստանալ։ Ելակի մեկ տարան 3 կգ տարողություն ունի և վաճառվում է 2500 դրամով։ Ըստ Սամվելի, ելակի սածիլից մինչև բերքահավաք ծախսել է մոտ 750 հազար դրամ։ Հիմա, երբ բերքի քանակով ու վաճառվող սակագնով հաշվարկ է կատարում, հասկանում է, որ հազիվ ներդրած գումարը կարողանա ստանալ։
Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղեր՝ Հայթաղ, Արշալույս, Ջրառատ, Սամաղար, հիմնականում ելակի մշակությամբ են զբաղվում։ Նույնիսկ Արմավիր-Երևան մայրուղու Էջմիածնի հատվածում տեղակայված գյուղատնտեսական հողատարածքների պոլիէթիլենային թաղանթով ծածկված հողատարածքներից կարելի է պատկերացում կազմել, թե որքան ելակի ցանքատարածություն կա այդ տարի։
Ելակի մշակությամբ զբաղվող գրեթե բոլոր գյուղացիներն են այս տարի դժգոհ։ Նրանք նույնպես կիսում են Սամվելի մտահոգությունն ու պնդում, որ ելակի ցանքատարածություններում մոտ 70 տոկոսով ցածր բերքատվություն է գրանցվել այս տարի։ Ասում են՝ սկզբում տարին բարենպաստ էր, վաղ գարնանը ամեն ինչ ավելի հարթ ընթացավ, հիվանդությունները քիչ էին, արևոտ եղանակ էր, ելակն ավելի շուտ հասունացավ, բայց երբ սկսվեց բերքահավաքը, տիկին Սաթիկը հասկացավ, որ բույսը չի պտղակալել, որոշ դեպքերում էլ ծաղկաթափում էր կատարվում։ Պատճառը չգիտի, ասում է՝ բոլորի համար է անհասկանալի։ Տիկին Սաթիկն ու Սամվելը որոշել են հաջորդ տարի ելակի մշակությամբ չզբաղվել և փոխել մշակաբույսի տեսակը։ Ասում են՝ դրա փոխարեն կփորձեն տարվա ընթացքում երկու ցանքաշրջանառություն իրականացնել, վաղ գարնանը՝ լոբի, աշնան սզբին՝ վարունգ։ Համենայն դեպս, որոշել են փորձել ու համեմատել եկամտաբերությունը։
Ինչ վերաբերում է ելակի ցածր սակագնին, հայթաղցի Սարգիսը պայմանավորում է նրանով, որ ելակի արտահանում այս տարի չի իրականացվում։ Սպառումը միայն տեղական շուկայում է։ Ասում է՝ անցյալ տարի, հատկապես բերքահավաքի առաջին օրերին, բերքի հիմնական քանակությունը վաճառել են արտահանողներին։
Ելակի բերքահավաքը մարզում կշարունակվի մինչև մայիսի վերջ։