Արմավիրի մարզում այսօր բերքի տոն էր: Գյուղացիները, ավարտելով բերքահավաքը, ամփոփում են տարվա եկամուտն ու հաշվարկում ստացված բերքի քանակը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը տարին բերքառատ են գնահատում: Ըստ մարզպետի, բանջարեղենի ցանքատարածություններն այս տարի ավելացել են, իսկ խաղողն աննախադեպ բերքատվություն է ապահովել: Արդեն իսկ 18 հազար տոննա տեխնիկական խաղող է մթերվել: Նախարարի խոսքով էլ բերքատվության աճ մարզում նկատվել է գրեթե բոլոր բանջարաբոստանային կուլտուրաների, պտղատու և խաղողի այգիների դեպքում: Ըստ Սերգո Կարապետյանի, այս տարի Արմավիրի մարզում միայն ծիրանի այգիներն են տուժել: Գյուղացիները բերքատվությունից գոհ են: Նրանց այս պահին սեղանի խաղողի տեսակի իրացման խնդիրն է անհանգստացնում: Ասում են արտահանողներն այս տարի պակասել են, տեղական շուկայում էլ այդ քանակությունը իրացնել չի հաջողվում: