Գյուղատնտեսության բնագավառի ցուցանիշների հավաստիության ստուգումը շատ բարդ է, իսկ հաճախ՝ գրեթե անհնար: Ինչպես կարելի է ստուգել, ասենք, որևէ գյուղում մշակված վարունգի հողատարածքի քանակը, երբ վարունգի բերքահավաքը եղել է հուլիսին, իսկ այդ մասին հաշվետվությունները ներկայացվում են երրորդ եռամսյակի ավարտից հետո, այսինքն հոկտեմբեր ամսին: Բնական է, որ բերքահավաքից 3 ամիս անց տրված թվերը ցանկության դեպքում կարող են նույնիսկ մեկ զրոյով ավելացնել և ոչ ոք այդ զրոյին կասկածի տակ դնելու իրեղեն ապացույց չի կարող ունենալ:
Գյուղատնտեսության արձանագրած տարիների տնտեսական աճի ֆոնին գյուղերի ամայացումն ու գյուղացու սոցիալական վիճակի վատթարացումը հուշում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Գյուղատնտեսության վերջին 7 տարիների ցուցանիշը

Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով 2010-2016 թթ ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 636 մլրդ 683,4 մլն դրամից հասել է 878 մլրդ 491,7մլն դրամի, այսինքն աճել է 28 տոկոսով: Գյուղատնտեսության տնտեսական նվաճումների պատկերն այսպիսին է:

Այս ցուցանիշները լուրջ դերակատարություն ունեն երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Օրինակ, 2014 թվ-ին գյուղատնտեսությունն արձանագրեց «առասպելական» ցուցանիշ և համախառն արտադրանքի ծավալը մոտեցավ մեկ տրիլիոնի սահմանագծին: 2011 թվ-ին գյուղատնտեսությունը, արձանագրելով 13,9 տոկոս աճ, լոկոմոտիվի դեր խաղաց երկրում՝ 6,1 տոկոս տնտեսական աճ արձանագրելու գործում:
Մի կողմ թողնենք երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կամ տնտեսական աճում գյուղատնտեսության բնագավառի համախառն արտադրանքի տեսակարար կշռի հաշվարկները և անցնենք թվերի ստացման մեթոդաբանությանը:

Ինչպես են հավաքագրվում թվերը

Հանձնարարականների և թվերի ստացման մեխանիզմի պատկերը գրաֆիկական եղանակով այսպիսին է:

Գյուղատնտեսության նախարարությունը հանձնարարում է մարզպետարաններին, մարզպետարանը՝ համայնքի ղեկավարներին, վերջիններս էլ իրենց հաշվետվությունները Ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում այնպես, ինչպես պահանջվում է վերևից: Այստեղից սկսվում է բեմական մասը. Գյուղնախարարը, հղում կատարելով վիճակագրական թվերին, անկեղծ հայացքով ասում է, որ ցուցանիշներն ինքը չի ասում, ասում են վիճակագրական ծառայության պաշտոնական թվերը: Հատկանշականն այն է, որ լավ աշխատող համարվելը ուղիղ համեմատական է դարձել թվերի շռայլությանը:
Միայն գյուղապետերի տված թվերը բավական չեն գյուղատնտեսության համախառն արտադրանք հաշվարկելու համար: Ենթադրենք համայնքի ղեկավարը 50 տոկոսով ավելացրել է կարտոֆիլի ցանքատարածությունը, մնում է հաշվարկել կարտոֆիլի բերքատվությունը: Ըստ կարգի, համայնքի ղեկավարը պետք է հարցումների միջոցով հաշվարկի մեկ հեկտարի միջին բերքատվությունը: Իրավական տեսանկյունից ոչ ոք չի կարող մեղադրել գյուղապետին, որ ռեկորդային բերքատվություն է նկարել: Բանը հասավ նրան, որ 2014-2015 թթ-ին Հայաստանի գյուղատնտեսությունն իր բերքատվության ցուցանիշներով նույնիսկ Ֆրանսիայի զարգացած գյուղատնտեսությանը գերազանցեց:
Նկարչության վերջին ակորդը տալիս է Ազգային վիճակագրական ծառայությունը: Այստեղ բոլորովին կապ չունի գյուղացին բերքը թողել է դաշտում, թե իրացրել է: Գյուղապետի տված թիվը բազմապատկում է կարտոֆիլի Երևանում վաճառվող գնով ու ստանում կրկնակի անգամ ուռճացված գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ:

Գյուղատնտեսության իրական պատկերը

Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալները համադրելով, տեսնենք Հայաստանի յուրաքանչյուր գյուղացուն համախառն արտադրանքի ծավալից ինչ չափաբաժին է հասնում:

Այժմ հաշվարկենք համախառն արտադրանքի ծավալից որքան եկամուտ է մնում գյուղական բնակչությանը: Որպես օրինակ վերցնենք 2016 թվ-ը և կատարենք հաշվարկներ:
Ըստ վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2016 թվ-ին գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 446,400 հեկտարը վարելահողեր են, իսկ 34,700 հեկտարը՝ բազմամյա տնկարկ: Այժմ պարզ թվաբանությամբ մեկ հեկտարի համար հաշվարկենք որքան ծախսեր են պահանջվում ամենատարածված մշակաբույսերի, օրինակ խաղողի՝ որպես բազմամյա տնկարկի կուլտուրա և լոլիկի՝ որպես վարելահողի բանջարաբոստանային կուլտուրա:

Ընդհանուր 446,400 հեկտար վարելահողի ծախսը կկազմի 315 մլրդ 158 մլն դրամ (հեկտարները բազմապատկեցինք ծախսային հածվարկով ստացված 706 հազարով), իսկ 34700 հեկտար բազմամյա տնկարկինը՝ 27 մլրդ 344 մլն (հեկտարները բազմապատկեցինք ծախսային հածվարկով ստացված 788 հազարով):
Այս թվերին գումարենք նաև Հայաստանի ընդհանուր 2 մլն 45 հզր հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հողի հարկը, որը կկազմի 30 մլրդ 675 մլն դրամ: Ընդհանուր ծախսը կազմում է 373 մլրդ 177 մլն դրամ: Այժմ գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքից (878 մլրդ 491,7 մլն դրամ) հանենք ծախսային մասը և կստանանք գյուղացիության 2016 թվ-ի եկամտի մոտավոր չափը, որը կկազմի 505 մլրդ 314,7 մլն դրամ:
Բազմաթիվ գործոններ հաշվի չառնելով, հիմնվելով միայն Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների վրա, ստացված եկամտի մոտավոր չափը բաժանելով գյուղաբնակների 1 մլն 88,1 հազար կազմող թվի վրա՝ ստանում ենք 2016թվ-ի մեկ շնչի տարեկան եկամտի չափը, որը կազմում է 464400 դրամ և ամսեկան եկամտի չափը, որը կազմում է 38700 դրամ:

Եզրակացություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության չափանիշներով 2015թվ-ին (2016թվ-ի համար հաշվարկված չեն) ծայրահեղ (պարենային) աղքատության գիծ է համարվում 24109 դրամ՝ մեկ անձի ամսեկան եկամտի դեպքում, իսկ աղքատության ընդհանուր գիծը 41698 դրամ՝ ամսեկան եկամտի դեպքում: Հաշվարկներում մենք վիճակագրական տվյալները հալած յուղի տեղ ընդունելով՝ ստացանք, որ գյուղական բնակչությունը աղքատության ընդհանուր գծից ներքև է, սակայն մի շատ կարևոր հանգամանք՝ բանկային տոկոսադրույքները, հաշվի չենք առել, որն էական ազդեցություն ունեցող գործոն է: Եթե գյուղացու ամսեկան եկամտից հանենք բանկային տոկոսներն ու վարկի սպասարկման գումարները, գյուղացին աղքատության ընդանուր գծից կհայտնվի ծայրահեղ աղքատության գծի հարևանությամբ:
Ազգային վիճակագրական ծառայության 2015թվ-ի համար հայտարարած 29,8 տոկոս աղքատության մակարդակը (2016թվ-ի համար տվյալները բացակայում են) խիստ կասկածելի է, քանի որ գյուղաբնակներն այդ տոկոսում չնչին մաս են կազմում և ոչ ոք չի կարող հակառակը պնդել, որ գյուղաբնակների մոտ 70 տոկոսը կամ աղքատ է, կամ ծայրահեղ աղքատ:

Հետաքրքիր է իմանալ

Վիճակագրական ծառայության տեսադաշտից դուրս մնացած փաստեր՝ միայն Արմավիրի մարզում: Բնակլիմայական աղետների պատճառած վնասների պաշտոնական տարեգրությունը 2010-2016 թվականներին


*Վնասների չափը հաշվարկվել է մարզային հանձնաժողովների կողմից

2010-2016 թվականներին գյուղմթերքների մթերման տարեգրություն

2011թ. – Կաղամբի և սմբուկի բերքահավաք մասամբ չկատարվեց ցածր գների պատճառով:
2012թ. – «Էլիտար» սերմացուի պատճառով հացահատիկի միջինացված բերքատվությունը չգերազանցեց 15 ցենտները: Շատ գյուղացիական տնտեսություններ ցածր գների պատճառով գերադասեցին կարտոֆիլի և լոլիկի բերքահավաք չկազմակերպել: Նույն բախտին արժանացան դեղձը, ծիրանը և սալորը: Սեղանի խաղողի սորտը գնորդ չուներ:
2013թ. – Ծիրանի մթերման գինը նվազեց մինչև 30-50 դրամ:
2014թ. – Լոլիկի ցանկատարածությունները վարակվեցին ճրագախոտ վնասատու բույսով: Ոռոգման ջրի դեֆիցիտ:
2015թ. – Տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը որոշ մթերողներ իջեցրեցին մինչև 50 դրամ: Վարունգի մթերման գինը նվազեց մինչև 15 դրամ:
Նման խնդիրների պատճառով է, որ գյուղացին զրկվում է գյուղատնտեսական վարկերի մարման հնարավորությունից և նոր վարկերով փորձում մարել հին վարկը: Արդյունքում ընտանիքին կերակրելու խնդիրը դառնում է երկրորդական, իսկ առաջնայինը դառնում է բանկ սպասարկելը:
Բանկային քաղաքականւտըան վառ ապացույցն է Արմավիրի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործերի ցանկը: Ըստ http://www.datalex.am կայքի, 2017թ. նոյեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում սույն դատարանում լսվելու է 481 քաղաքացիական գործ, որոնցից 371-ի հայցվորները բանկերն ու վարկային կազմակերպություններն են՝ գումարի բռնագանձման պահանջով: