60 տարվա այգեգործը կանգնած է փաստի առաջ, սեղանի տեսակի խաղողը ոչ մի կերպ չի կարողանում վաճառել։ Արտահանողներ չկան, վերամշակող կազմակերպությունները սեղանի տեսակը չեն մթերում, տեղական շուկայում այդ քանակությունը չի սպառվում։ Ըստ Մովսիսյանի, հատկապես խաղողի քիշմիշ տեսակը ներքին շուկայում պահանջարկ չունի։ Խաղողագործը վերջին երեք տարիներին սեղանի տեսակի խաղողի իրացման խնդիրների առաջ է կանգնած, ստիպված բերքը օղու հումք է պատրաստում, բայց դեռ չգիտի՝ այդ քանակությամբ օղին որտե՞ղ պետք է վաճառի։ Անցյալ տարի ստիպված է եղել այգու մի մասը կտրել և սալորի այգիով փոխարինել։ Տեխնիկական տեսակը գործարանին է հանձնում, քանակը սահմանափակ է, գինը գոհացուցիչ չէ, բայց գոնե վազերին չի մնում, – ասում է Արայիկը և ավելացնում, որ ինքն Ալաշկերտում միակ մարդը չէ, ով իրացման խնդիր ունի։



Խաղողը վազին է, պայմանագիրը՝ օդում․ Ալաշկերտում սեղանի խաղողի իրացման խնդիր կա
Չնայած Ալաշկերտի վարչական ղեկավարն ասում էր, որ սեղանի տեսակը նույնպես գործարանները կմթերեն և գործարաններից մեկի հետ կա նախնական պայմանավորվածություն, բայց գյուղացիները պնդում են, որ ոչ մի գործարան դեռ պայմանագիր չի կնքում սեղանի տեսակի համար։ Գյուղացիները դիմել են, բայց դրական պատասխան չեն ստացել։ «Երկու շաբաթ ա տեղեկանքը ձեռքս գործարան եմ գնում, առաջարկում սեղանի տեսակի համար պայմանագիր կապենք։ Սպասի, էս շաբաթ էլ սպասի, գնա մենք խաբար կանենք ու ձեն չկա», – ասում է ալաշկերտցի Ռադիկ Մարտիրոսյանը։ Նրա հարևանությամբ Ազատ Վարդանյանը նույնպես պատրաստ է գործարանին հանձնել իր քիշմիշը, բայց պայմանագիր չունի։ «Ասեցի, թեկուզ 140 դրամ, տանք գործարանին, խաղողն օր-օրի ցամաքում ա, քաշը գցում, տեսքը կորցնում, չամիչ ա դառնում, թեկուզ էդ գնով տանք, գոնե վարկերը փակենք, հեսա երկու օրից բանկին վարկ ունեմ մուծելու, բայց մի գրամ ապրանք չեմ ծախել, որտեղի՞ց եմ տալու», – նյարդայնանում է Ռադիկն ու ափսոսում, որ ընտանիքի ամբողջ տարվա դառը տանջանքը ջուրն է լցվում։ Ալաշկերտում տասնյակ այգետերեր նույն խնդիրն ունեն և հույս ունեն, որ պատկան մարմինները կմիջամտեն իրավիճակը մեղմելու համար։ Այլապես գյուղացիներց շատերը ստիպված կլինեն քանդել այգիները, ինչպես արեցին անցնող երկու տարիների ընթացքում, ասում է Արայիկ Մովսիսյանը, ով անձամ քանդել և սալորի այգիով էր փոխարինել սեղանի տեսակի այգու զգալի մասը։



Տեխնիկական տեսակի խաղողի մթերումը շարունակվում է
Վերադառնալով գործարանային խաղողին՝ նշենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի խոսքով, Արմավիրում խաղողի տեխնիկական տեսակի մթերումն իրականացնում է շուրջ տասը կազմակերպություն։ Ըստ կանխատեսումների, մարզում սպասվում է մոտ 75 հազար տոննա բերք։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, այս տարի, նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը պակաս կլինի մոտ 20 հազար տոննայով։ 2025թվ-ին մարզում մթերվել է 93 հազար տոննա խաղող։



Նշենք, որ այս տարի գործարանները խաղողի մեկ կիլոգրամը գնում են 135-150 դրամով։ Մթերման գործընթացը շարունակվում է, մասսայական բերքահավաքը նույնպես։