Ակնալիճցի Հովհաննես Կնյազյանը 10 հա խաղողի այգի ունի։ Մշակում է տեխնիկական «Կանգուն» տեսակի խաղող։ Մեկ հեկտարից 20-22 տոննա բերք է սպասում։ Արդեն 5 օր է, սկսել է բերքահավաքը։ Նկատել է՝ նախորդ տարվա համեմատ բերքատվությունը պակաս է, բայց խնդիրը դա չէ, խնդրում է կառավարության ուշադրությունը մթերման գործընթացի կազմակերպման վրա։
Հովհաննեսի խաղողը մթերվում է Արարատի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում՝ մեկ կիլոգրամը 150 դրամով։
Մթերող կազմակերպություններն այս տարի խաղողի մեկ կիլոգրամը գնում են 135-150 դրամով։ Արմավիրի մարզում մթերումն իրականացնում է մոտ 10 ընկերություն։ Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից, գնային շեմը՝ 135-150 դրամ, յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանել։ Այս պահին տեխնիկական տեսակի խաղողի մթերում են իրականացնում ՄԱՊ-ի, Պռոշյանի, Ամասիայի, Իջևանի, Ոստան, Ջրաղացպանյան գինու-կոնյակի գործարանները, Արմեն Ալկո-ն և Օհանյան բրենդը։
Առայժմ չլուծված է մնում խաղողի սեղանի տեսակի իրացման հարցը։ Ըստ գյուղացիների, արտահանման սահմանափակումների պատճառով խաղողը մնացել է վազերին, իսկ մթերող կազմակերպությունները դեռ պատրաստակամություն չեն հայտնել սեղանի տեսակի մթերման համար։