Արմավիրի մարզում սկսվել է սև սալորի բերքահավաքը։ Սալորի այս տեսակը, ըստ գյուղացիների, հիմնականում արտահանվում էր ՌԴ և օգտագործվում չրարտադրության մեջ։ Տեղական շուկայում շատ քիչ քանակություն է սպառվում, – ասում են գյուղացիները։ Օրինակ, վերջին տարիներին սալորի մշակությունը համարվում էր ձեռնտու, քանի որ անսահմանափակ քանակությամբ մթերվում էր չրագործների կողմից, – ասում է բամբակաշատցի Սուրեն Համբարձումյանը, ով նույնպես սալորի բերքահավաքին  է պատրաստվում։ Նրա խոսքով, այս տարի բերքահավաքը ուշանում է, քանի որ գնորդները հետաքրքրված չեն, ավելին՝ առաջարկներ է արել մոտ տասը չրագործի, հրաժարվել են։ Ասում է՝ խնդիրը նրանում է, որ արտահանման սահմանափակումների պատճառով չրագործներն էլ իրենց հերթին արտադրանքը չեն կարողացել իրացնել և սառնարարններում պահեստավորված չրի մեծ քանակություն ունեն նախորդ տարվանից, հետևաբար մտավախություն ունեն իրենք էլ չկարողանան սպառել չիրը։ Այդ պատճառով սահմանափակել են արտադրության ծավալները և հրաժարվում են մթերում իրականացնել, հատկապես եթե նույն չիր արտադրողն ինքն էլ ունի մեծ քանակությամբ բերք, որը պետք է վերամշակի։

Սալորի բերքատվությունից գյուղացիները գոհ են, դժգոհ են իրացման պայմաններից։ Ասում են՝ արտահանող և մթերող կազմակերպությունները առանձնապես հետաքրքրված չեն, իսկ հետաքրքրվողները շատ ցածր սակագին են առաջարկում, օրինակ՝ մեկ կիլոգրամ սալորը արտահանողը գնում է 80-100 դրամով, իսկ չիր արտադրող կազմակերպություններն առայժմ զերծ են մնում մեծ քանակությամբ մթերումից, բայց շրջանառում են 50-70 դրամ սակագինը, – ասում է Սուրենը և ավելացնում, որ այդ սակագնով էլ կվաճառի, բայց ում դուռը թակել է, ասել են մի քանի օր պետք է սպասի։

Նշենք, որ ՀՀ կառավարության պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանմանն ուղղված աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից 2026թ․ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

Սալորի արտահանման մեկ կիլոգրամի համար տրամադրվում է 200 դրամ աջակցություն, բայց մթերման համար առայժմ աջակցություն նախատեսված չէ, ինչը դեղձի կամ նեկտարինի համար է արվում։ Հիշեցնենք, որ դեղձի մթերման համար չրարտադրող կազամակերպություններին հատկացվում է մեկ կիլոգրամի մթերման համար 125 և արտահանման համար 200 դրամ։