ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա․ Ջիվանի փողոց թիվ 12 հասցեում «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունիսի 2-ի N 75-Ա հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 10-ին տրվել է N 206 դրական եզրակացությունը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660- որոշման համաձայն՝ հասարակայնության ներկայացուցիչները, սույն հայտարարության հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում, նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները կարող են ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին։

Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի համայնքատետարանի պաշտոնական կայքից։

Նշենք, որ «ԱԼՏ» հեռուստաընկերությունը անդրադարձել էր 2026թ․ մարտի 26-ին Արմավիրի համայնքապետարանում  «Ալվինա բնակելի համալիր» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Աշուղ Ջիվանու փողոց 12 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսմանը։  

Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է Արմավիր քաղաքի կենտրոնում կառուցել 530 բնակարանով 15 և մասամբ 16 հարկանի բնակելի շենք։
Հանրային քննարկման ընթացքում ապագա բնակելի շենքին կից Շահումյան փողոցի առաջին նրբանցքի առանձնատների բնակիչները ներկայացրեցին իրենց դժգոհությունները։ Նրանց մասնավորապես անհանգստացնում էր կառուցվող շենքի սահմանված հեռավորության խախտումները, բնական լույսից զրկվելու, իրենց սեփական տարածքում անձնական կյանքի իրավունքից զրկվելու և ավտոմեքենաների ստորգետնյա կայանատեղիի մուտքն իրենց նրբանցքով նախատեսելու փաստը, երբ նրբանցքի լայնությունը 6 մետր է, իսկ որոշ տեղեր՝ ավելի նեղ։