Լոլիկի իրացման խնդիրը օրհասական է, բերքը դաշտերում և ջերմատներում գերհասունացել է, փչանում է։ Ակնալիճցիներն առավոտյան փակել էին Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը, պահանջում էին հանդիպում պատկան մարմինների հետ՝ հարցը քննարկելու և լուծում գտնելու նպատակով։ Արտահանման սահմանափակումների պատճառով բերքի ահռելի քանակությունը ներքին շուկայում սպառելն անհնար է, իսկ վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ,- ասում են ակնալիճցիները։

Մեկ հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար ծախսվել է միջինը 1-1,5 միլիոն դրամ՝ այն դեպքում, երբ ընտանիքով են մշակությունն իրականացրել, իսկ եթե վարձու աշխատողներ են ներգրավվել, ապա ծախսերը մեծացել են, – ասում են գյուղացիները և ավելացնում, – մշակությունն իրականացրել են վարկային միջոցներով, իսկ հիմա պարտավորությունները կատարելու խնդիր ունեն։

Ճանապարհը փակած գյուղացիները պահանջում էին Արմավիրի մարզպետի հետ հանդիպում լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու և ելքեր գտնելու համար։ Նրանց հետ հանդիպման եկավ Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը։ Ճանապարհը բացեցին և համայնքի ղեկավարի հետ քննարկումը շարունակեցին Ակնալիճի վարչական պատասխանատուի նստավայրում։ Հովհաննիսյանի խոսքով, Արմավիրի մարզպետն այս հարցով զբաղվում է։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից տեղեկացանք, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՄԱՊ գինու-կոնյակի» գործարանի հետ, որը կմթերի 3900 տոննա լոլիկ, «Պռոշյանի կոնյակի» գործարանը՝ 300 տոննա, «Նոյան» հյութերի և պահածոների գործարանը նույնպես 300 տոննա և «Արարատ Քենինք Ֆեքթրի» պահածոների գործարանը կմթերի օրական 300 տոննա լոլիկ։ Վերը նշված բոլոր մթերողները լոլիկի մեկ կիլոգրամը կընդունեն 40 դրամով։