«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումը հրապարակել է հայտարարություն՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին մինչև 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց՝ բնապահպանական ակտիվիստների և հանրային մասնակցության պաշտպանության նպատակով։
«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժման հայտարարությունը
COP17-ին ընդառաջ՝ Հայաստանում բնապահպանական ակտիվիստների նկատմամբ կիրառվող SLAPP (հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) գործընթացների շարունակական ճնշումների և հակա-SLAPP օրենսդրության ներդրման անհրաժեշտության վերաբերյալ
«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանում բնապահպանական ակտիվիստների նկատմամբ որպես ճնշման գործիք կիրառվող SLAPP (Strategic Lawsuits Against Public Participation, հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) գործընթացների շարունակական աճի կապակցությամբ։
Հայաստանում, մասնավորապես 2019 թվականից սկսած, արձանագրվել են տասնյակ նմանատիպ դատական գործընթացներ, և դրանց թիվը շարունակաբար աճում է։
Այս գործընթացների նպատակն է թուլացնել բնապահպանական շարժումները, լռեցնել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են սոցիալ-էկոլոգիական իրավունքների, շրջակա միջավայրի աղտոտման, կենսաբազմազանության, գյուղականության պահպանության և հանրային այլ կարևոր խնդիրների մասին՝ նրանց ենթարկելով երկարատև հոգեբանական, ֆինանսական և իրավական ճնշումների, սպառելով նրանց ժամանակն ու ռեսուրսները և, ի վերջո, սահմանափակելով նրանց հանրային գործունեությունը։
Հայաստանի բնապահպանական շարժումը կանգնած է երկրի անկախության և ժողովրդավարության ձևավորման ակունքներում։ Այսօր այն շարունակում է կարևոր դեր ունենալ ՀՀ համայնքներում տեղական ժողովրդավարության ամրապնդման և կայացման, հանրային մասնակցության խթանման և շրջակա միջավայրի պահպանության գործում։ Հետևաբար՝ բնապահպանական շարժումների նկատմամբ կիրառվող ճնշումները վտանգում են ոչ միայն առանձին ակտիվիստների գործունեությունը, այլև՝ տեղական ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների կայուն ու կանաչ զարգացման գործընթացները Հայաստանում։
Հայաստանի ռազմավարական գործընկեր Եվրոպական միությունը մշակել է հակա-SLAPP օրենսդրության ձևավորման չափորոշիչներ, իսկ Եվրոպայի խորհրդի հանձնարարականները հստակ կոչ են անում անդամ պետություններին ներդնել արդյունավետ հակա-SLAPP օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ հանրային մասնակցությունը և հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։
Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է վերահաստատելու իր հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության, հանրային մասնակցության և էկոակտիվիստների պաշտպանության նկատմամբ։ Այս համաժողովին ընդառաջ հակա-SLAPP մեխանիզմների ներդրումը կլինի կարևոր ազդակ, որ Հայաստանը ոչ միայն ստանձնում է միջազգային բնապահպանական պարտավորություններ, այլև ստեղծում է այնպիսի իրավական միջավայր, որտեղ քաղաքացիներն ու համայնքները կարող են ազատ և անվտանգ մասնակցել շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ու հանրային վերահսկողությանը։
Այս համատեքստում կո՛չ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը և մյուս իրավասու պետական մարմիններին՝ Երևանում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), շահագրգիռ հանրության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների և համայնքային ակտիվիստների մասնակցությամբ ձեռնարկել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել ու ընդունել արդյունավետ օրենսդրական և ինստիտուցիոնալ հակա-SLAPP մեխանիզմներ:
«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումը, հավատարիմ մնալով շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղականության պահպանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և բնության ամբողջականության սկզբունքներին, առաջիկա ամիսներին հետևողականորեն առաջ է մղելու հակա-SLAPP օրակարգը, Հայաստանում համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման համար և բաց է քննարկումների և համագործակցության համար ՀՀ լիազոր մարմինների հետ։
«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժում
27.07.2026