www.hetq.am կայքից տեղեկանում ենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
«2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[1], որով նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
Նախագիծը որևէ հանրային քննարկման չի ենթարկվել, և արդեն ընդգրկվել է 2026թ. հուլիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ որպես անհետաձգելի նախագիծ՝ քննարկելու ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցումներով:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը՝ որպես հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները։
ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածը նախատեսում է, որ ազգային ժողովի […] ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի միակ սահմանափակումները, մասնավորապես ընտրելու իրավունքի արգելք նախատեսելով այն անձանց համար, ովքեր դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ են ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք են:
Ընտրական իրավունքի որևէ այլ սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների նստակեցության ցենզ: Հետևաբար, որևէ փորձ օրենսդրական մակարդակում սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, հակաօրինական և կամայական է՝ հակասելով ՀՀ Սահմանադրությանը։
Թեև ընտրական իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել որոշակի պայմանների կամ սահմանափակումների, դրանք, սակայն, պետք է լինեն համաչափ և անհրաժեշտ, ինչպես նաև բացառեն խտրականությունն ու կամայականությունը:
Հասարակական կազմակերպություններս և փորձագետներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ