Արմավիրում վերամշակող կազմակերպությունները սկսել են խաղողի մթերման գործընթացը։ Տեխնիկական տեսակի խաղողի մեկ կիլոգրամն այս տարի մթերվում է 140-150 դրամի սահմաններում՝ կախված սորտից և վերամշակող կազմակերպության սահմանած սակագնից։
Խաղողագործները տեխնիկական տեսակի խաղողի մթերման հետ կապված դժգոհություններ առայժմ չունեն, ասում են՝ պայմանագրեր են կնքել, մթերումը նոր է սկսվել, բնականոն հունով ընթանում է գործընթացը։
«Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում նույնպես սկսվել է խաղողի մթերումը։ Այստեղ խաղողի մեկ կիլոգրամը մթերում են 150 դրամով, – ասում են այգեգործները և սպասում մթերման իրենց հերթին։
Գյուղացիներն ասում են՝ այս տարի խաղողի բերքատվությունը գրեթե 30-40 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ալաշկերտցի Արայիկ Մովսիսյանի խոսքով, խաղողի սակավ բերքը պայմանավորված է նախորդ տարվա աննախադեպ բերքատվությամբ։ Ըստ այգեգործի, անցյալ տարվա գերբերքատվությունից հետո բնական է, որ վազերն այս տարի քիչ բերք պետք է ապահովեին։
Ըստ Մովսիսյանի, ցածր բերքատվություն է գրանցվել նաև խաղողի սեղանի տեսակի դեպքում։ Պատճառները նույնն են։ Գյուղացիներն ասում են՝ եթե նախորդ տարիներին մեծ դժվարություններ ունեին տեխնիկական տեսակի խաղողի մթերման հարցում, ապա այս տարի պատկերը հակառակն է՝ վազերին է մնացել սեղանի տեսակի խաղողը, հատկապես քիշմիշը, որը հիմնականում արտահանվում էր և տեղական շուկայում շատ քիչ քանակություն սպառվում։ Այս տարի ոչ մի կիլոգրամ չի վաճառվել։ Շահումյան տեսակի խաղողը փոքր ինչ սպառում ունի ներքին շուկայում, – ասում են ալաշկերտցիները և հույս հայտնում, որ, տեխնիկական սորտի մթերմանը զուգահեռ, գուցե հնարավորություն ստեղծվի սեղանի տեսակի խաղողը նույնպես մթերեն գործարանները։ Այսպիսի նախադեպ գյուղացիները վերջին 3 տարիներին ունեցել են։