«Մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։ Որպեսզի պրոցեսը լինի անխափան և առկա խաղողի ամբողջ ծավալը մթերվի, մենք քննարկումներ ենք ունեցել գործարար միջավայրի հետ, մթերողների հետ, մասնավորապես այն ընկերությունների հետ, որոնք արտադրում են հայկական բրենդի, գինի, որպեսզի կարողանանք համատեղ, իրենց օգնելով, մթերման գործընթացը կազմակերպել։ Նախորդիվ այսպիսի ծրագրեր ունեցել ենք, հիմա որոշակի բարելավումներ են արվում», – այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստի ընթացքում ասած ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը ներկայացրեց, թե ինչ է ծրագիրն իրենից ներկայացնում։ Խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ գրավի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2026թ․ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել, քան նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը։ Օրինակ, եթե կա որևէ ընկերություն, որը պատրաստ է 3 մլրդ դրամի մթերում իրականացնել, բայց վարկային միջոցների դիմաց պետք է գրավադրի ինչ-որ բան, բայց իր գրավը 1․5 մլրդ է, այս ծրագրով մենք ասում ենք՝ դու կարող ես ևս 1․5 մլրդ դրամի լրացուցիչ խաղող մթերել և այս 1․5 մլրդ դրամի համար պետությունը երաշխավորում է, որպեսզի դու այդ վարկային միջոցները վերցնես, բայց պայմանով։ Պայմանը հետևյալն է, որ այդ լրացուցիչ 1․5 մլրդ դրամի մթերումը պետք է անպայման տեղի ունենա անկանխիկ եղանակով, ունենա պայմանագրեր կնքած մինչև օգոստոսի 1-ը, այնուհետև այդ պայմանագրերի դիմաց իրականացնի համապատասխան մթերում, անկանխիկ վճարումներ իրականացնի այդ գումարից։ Այս պարագայում մենք այդ երաշխիքը կտրամադրենք։ Մյուս պայմանն այն է, որ այդ 1․5 մլրդ դրամի չափով նվազագույնը պետք է անցյալ տարի արտահանում ունենա, այսինքն՝ կամ հայկական բրենի, կամ գինի պետք է արտահանած լինի։ Այս ծրագիրը նախորդ տարիներին ևս ունեցել ենք և շատ լավ աշխատել է։ Եվս մեկ բարելավում ենք ավելացրել, դա հետևյալն է՝ եթե 2024 -2025թթ․ իրենք նմանատիպ վարկային միջոցներ են վերցրել և հիմա մարման պրոցեսի մեջ են, մարում են վարկի և՛ մայր գումարը, և՛ տոկոսադրույքը, առաջարկում ենք կազմակերպություններին, որ, եթե իրենք բանկերի հետ համաձայնության գան 6 ամսով վճարել միայն տոկոսագումարները և տեղի ունենա մայր գումարի հետաձգում, ապա այդ ազատված գումարին իրենք ևս կարող են խաղող մթերել։ Սա է ծրագրի ողջ իմաստը, – ասաց Պապոյանը։
Ինչ վերաբերում է խաղողի սեղանի տեսակի մթերմանը, ապա Պապոյանը նշեց, որ նախորդիվ արդեն ընդունվել է կառավարության աջակցության ծրագիր, որը վերաբերում է արտահանմանը, և խաղողի սեղանի սորտերի արտահանման դեպքում կառավարությունն արտահանողին 150 դրամ սուբսիդավորում է տրամադրում։ Նախարարի կարծիքով, այս ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել և ծրագրից կօգտվեն արտահանողները, իսկ ընթացիկ հարցերին նախարարությունը պատրաստ է օպերատիվ արձագանքել։