Մայիսի 9-ին ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարական կազմն ու զինվորականները քայլերթով ուղևորվեցին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Արմավիրի քաղաքային զբոսայգում գտնվող Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Այստեղ էին նաև Արմավիրի վետերանների միության նախագահն ու անդամները, ովքեր նույնպես ծաղիկներ խոնարհեցին և հարգեցին երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը։ Այնուհետև ՌԴ զորամասի կողմից կազմակերպվեց ավանդական ճաշկերույթը։ Զբոսայգին այսօր մարդաշատ էր, քաղաքացիները հարգանքի տուրք էին մատուցում պատերազմում զոհված իրենց հայրենակիցների, հարազատների հիշատակին։ Հրաչ Անդրեսյանն ամեն տարի մայիսի 9-ին Արմավիրի քաղաքային զբոսայգի է գալիս։ Այսօր էլ եկել էր հայրիկի լուսանկարով, ով հերոսաբար կռվել և զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում։