Արմավիրի մարզի Հացիկ համայնքում բացվեց խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Խաչքարը տեղադրվել է գյուղում՝ զոհվածների պանթեոնում։ Գաղափարը համայնքինն է, որի համար աջակցություն են ցուցաբերել բոլոր հացիկցիները։ Խաչքարի բացման պատիվը տրվեց պատերազմում զոհված, 31-ամյա Սարգիս Իսկանդարյանի որդուն։
Խաչքարի օծման արարողությունից հետո հացիկցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հացիկի 3 զոհվածների շիրիմներին։ 18-ամյա Էրիկ Հովսեփյանը ժամկետային զինծառայող էր։ Էրիկի ընտանիքն ապրում էր ՌԴ-ում։ Տղան պնդել է, որ պետք է վերադառնա Հայաստան և կատարի զինվորական պարտքը հայրենիքի նկատմամբ։ Էրիկ Հովսեփյանը, ով 50 օրվա ժամկետային զինծառայող էր, զոհվել է պատերազմի առաջին օրը։
Սեպտեմբերի 27-ին կամավորական սկզբունքով պատերազմ մեկնեց նույն գյուղի բնակիչ Սարգիս Իսկանդարանը։ Ընտանիքը խնդրել էր 27-ին չմեկնել, սպասել հաջորդ օրվան։ Սարգիսն ասել էր՝ իր պարտքն է ժամ առաջ ռազմաճակատ մեկնել։
Հացիկցի 37-ամյա Սեդրակ Սարգսյանը նույնպես կամավոր սկզբունքով էր մեկնել պատերազմ։ 3 երեխաների հայրը մարտի դաշտ մեկնեց հոկտեմբերի 2-ին։ Ռազմական գործողություններին մասնակցում էր Ջրականի շրջանում։ Զոհվել է հոկտեմբերի 15-ին, հուղարկավորվել ընտանեկան գերեզմանատանը։
Հացիկում Արցախյան վերջին պատերազմում զոհվել է 3, անհետ կորած է համարվում 3 քաղաքացի։