Կալաբրիայի Հայ համայնքի հիմնադիր և ղեկավար Թեհմինե Արշակյանն ամեն տարի կազմակերպում է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառում, որտեղ Իտալիայի ժողովրդին ու տեղական իշխանություններին հիշեցնում է Թուրքիայի կողմից սանձազերծած Հայոց ցեղասպանության մասին և պահանջում ճանաչել ցեղասպանությունը։
Ցեղասպանության 106-րդ տարելիցին Թեհմինեն նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ։ Նախ՝ Կալաբրիայի քաղաքապետարանին դիմեց, հայոց ցեղասպանության բանաձևը ճանաչելու խնդրանքով հայտ ներկայացրեց, ապա՝ առցանց հանդիպում ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկում ծավալեց և որոշվեց ապրիլի 24-ին Կալաբրիայում ցեղասապանության հիշատակի միջոցառման օրակարգը։
Ապրիլի 24-ին Կալաբրիա նահանգի Ռեջիո Կալաբրիա քաղաքում քաղաքապետի կողմից բարձրացվեց հայոց եռագույնը։ Այստեղ էին հայ և իտալացի մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց խոնարհումն ու հարգանքն էին բերել Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին։
Կալաբրիայի Հայ համայնքի ղեկավար Թեհմինե Արշակյանին միջոցառման կազմակերպման գործում աջակցել են տեղի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ քաղաքապետ Ջուզեպպե Ֆալկոմատան, հայ համայնքի ներկայացուցիչներ Սեբաստիանո Ստրանջեսը, Կարմինե Վերդուչին, Իտալիայի Հայ տաղանդների միության համագործակցությամբ` հիմնադիր և ղեկավար Վալենտինա Կարախանյանը, Մարդու իրավունքների, միջազգային հարաբերությունների և ներգաղթի, «Հավասար իրավունքներ» VIII-րդ հանձնաժողովի նախագահ Լուչիա Անիտա Նուչերանան, ավագանու անդամ Ջուզեպպե Դե Բիազին։
Հիշատակի արարողությունը կազմակերպվել էր Ռեջիո Կալաբրիայի քաղաքապետարանի և Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ։ Հայաստանի դրոշը փակցվեց նաև քաղաքապետարանի շենքի մուտքի վերնամասում`Իտալիայի և Եվրոպայի դրոշի կողքին։
Միջոցառման շրջանակներում շուրջ 4 ժամ քաղաքապետարանի շենքի ձախակողմյան հատվածում հայկական դրոշի գույներով լուսավորվեց և գրվեց՝ «Հայոց Եղեռնի 106-ամյակ»՝ ի հիշատակ նահատակների։
Եղեռնի 106-ամյակի արարողությանը մասնակցում էին նաև Կալաբրիայի այլ քաղաքներ` Բրանկալեոնե, Բրուցանո Զեֆիրիո, Ֆերուցանո, Սթաիթի և Չերկիարա դի Կալաբրիա։ Այս քաղաքներում նոււյնպես հայկական եռագույնը փակցվել էր քաղաքի նշանավոր շենքերի վրա, որպեսզի ցանկացողները հարգանքի տուրք մատուցեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։