Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում էր։ ԱՀ հրամանագրով հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ԱՀ մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ազատամարտիկ, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան։ Ռուստամ Գասպարյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին, որդին՝ Ռաֆայել Գասպարյանը, հոկտեմբերի 15-ին, մարտական գործողությունների ժամանակ։ Արցախի նախագահը Գասպարյանի ընտանիքին անձամբ հանձնեց շքանշանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմին, նշեց, որ մեր երազած հայրենիքը կառուցելու համար պետք է միավորվել և միասնական պայքարել։
Ջանֆիդա գյուղի Հայրենական պատերազմի զոհվածների հուշահամալիրում կազմակերպված հուշ-ցերեկույթին ներկա էին Արմավիրի մարզային, քաղաքային իշխանությունները, Արցախյան պատերազմի մասնակիցներ, «Սև Հովազ» ջոկատի սպաներ։
Արմավիր քաղաքի ավագանու որոշմամբ այսօր Արցախյան պատերազմի հերոս, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվեց Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բարձր գնահատեց Ռուստամ Գասպարյանի և Արցախյան պատերազմում զոհված հերոսների, ինչպես նաև բոլոր այն ազատամարտիկների նվիրվածությունն ու ավանդը հայրենիքի պաշտպանության գործում։
2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի հանրապետության նախագահը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրեց Միհրան Ավդալյանին։