Պատահական հանդիպեցի ընկերուհուս՝ Նարինեին, ում վաղուց չէի տեսել, իմացա, որ վերադարձել է Ռուսաստանից, հրավիրեցի տուն մի գավաթ սուրճի շուրջ զրուցելու: Հանգստյան օր էր և ժամանակը բավարարում էր զրուցել ու ստանալ մեր դեռահաս տարիների ընկերուհիների մասին տեղեկություն: Նարինեի պատմածից հատկապես տպավորվեցի Ռիտայի ընտանիքի ճակատագրով:
Նարինեն պատմում է՝ Ռիտան, ում հետ 10 տարի նույն դասարանում էին սովորել, իրենից երեք տարի շուտ էր ամուսնացել և հասցրել երեք երեխա ունենալ: Ընտանիքի սոցիալական պայմաններն ամուսնուն ստիպում էին պարբերաբար ՌԴ սեզոնային աշխատելու գնալ: Երեք տարի առաջ Ռիտայի ամուսինը գնացել ու չէր վերադարձել: Նարինեի դասընկերուհին կամ այս դեպքում հարևանուհին, երբ զգացել էր, որ ամուսինը մոռացության է մատնել ընտանիքը, գնացել էր նրա ետևից: Շատ կարճ ժամանակահատվածում արցունքներն աչքերին ետ էր վերադարձել: Ամուսնու ընկերներից ճշտել էր ամուսնու գտնվելու վայրը և պարզել, որ ամուսինը տեղացի կնոջ հետ է ապրում, ավելին՝ պատրաստվում են երեխա ունենալ: Ռիտան, ով իր 3 անչափահաս տղաների հետ բնակվում էր ամուսնու ծնողների հետ, թաց աչքերով իրեն տառապանքի գիրկն էր նետել: Ամուսնու ծնողները հուսադրում և համոզում էին Ռիտային, որ ամեն ինչ կկարգավորվի, կհամոզեն իրենց տղային ընտանիք վերադառնալ: Ռիտայի մոտ սկսեցին առողջական խնդիրներ առաջանալ, որն անհանգստացրեց նաև իր հարազատներին: Մի քանի ամիս անց Ռիտայի համար մղձավանջն ավարտվեց նրանով, որ մորաքույրը, ով բնակվում էր Ֆրանսիայում, հրավերք ուղարկեց՝ մեկնաբանելով, որ միառժամանակ կմնա իր մոտ, կլիցքաթափվի, հետո սթափ ուղեղով անելիքը կորոշի: Ռիտան մեկնում է Ֆրանսիա ու չի վերադառնում: Նրա 3 որդիները մնում են տատիկի ու պապիկի խնամակալության տակ: Մեծ տղան, ով ամեն ինչ հասկանում և գիտակցում էր, շատ ծանր է տանում ծնողների արարքը, ծնողներին ներել չէր կարողանում, վատառողջ տատիկին էր մայր համարում ու ամեն հարցում նրան օգնության ձեռք մեկնում:
Ես ինձ Ռիտայի կողքին լավ էի զգում, պատմում է Նարինեն ու ավելացնում, ամուսինս չնայած ոչ այնքան շատ, բայց գումար վաստակում էր, Երևանում տաքսի ծառությունում էր աշխատում: Համեմատության մեջ ես ինձ երջանիկ ընտանիքի մայր էի համարում այնքան ժամանակ, մինչև Նոր Տարվա նախաշեմին տխուր լուրն ականջիս հասավ: Ամուսինս վթարի էր ենթարկվել և տեղում մահացել: Մի քանի ամիս անց ամուսնուս հայրական տունը լքեցի, մայրս հիվանդ էր, տեղափոխվեցի գյուղ, նրա մոտ ու այստեղ էլ ապրեցի: Աղջիկս Ռիտայի փոքր տղայի հասակակիցն է, հիմա նույն դասարանում են սովորում: Այստեղ աշխատանք չգտա, մորս հաշմանդամության թոշակով ապրելն անհնար էր: Աղջիկս դպրոցում գերազանց էր սովորում, պետք է ամեն ինչ անեի, որպեսզի ուսումը չտուժեր: Զանգեցի Ռիտային, ով արդեն 4 տարի է Ֆրանսիայում է բնակվում, խնդրեցի ինձ էլ Ֆրանսիա հասնելու հնարավորություն ստեղծել, քանի որ տեսնում էի, ինչպես և ինչքան է օգնում իր երեխաներին: Ռիտան մերժեց, ասաց անհնար է: Դիմեցի մեկ այլ ծանոթիս: Ընդառաջեց, ինձ Մոսկվա գնալու և իր ռեստորանում խոհարարի օգնական աշխատելու առաջարկ արեց: Ես էլ երկար չմտածեցի, հաջորդ օրն իրերս հավաքեցի ու աղջկաս հորդորեցի տատիկին ուշադիր լինել, որոշ խորհուրդներ տվեցի և ավտոբուսով մեկնեցի Մոսկվա: Մոտ 7 ամիս աշխատեցի, գրեթե գումար չվաստակեցի, հազիվ տան վարձն էի վճարում ու մի քանի հազար ռուբլի էլ տուն ուղարկում: Ճանապարհածախս կուտակեցի ու Հայաստան վերադառնալու ճանապարհին միտքս փոխեցի: Սոչիում նոր աշխատանք փնտրելու մի քանի տարբերակ փորձեցի, չնայած հանգստի սեզոնն ավարտվում էր, բայց մի սրճարանում մատուցողուհու աշխատանք գտա, սրճարանի տիրոջ տանը հաստատվեցի ու հաջորդ օրը մատուցողուհու համազգեստ կրեցի: Այստեղ մեկուկես ամիս աշխատեցի, մոտ 18 հազար ռուբլիով տուն վերադարձա, ձմռանը գոյատևեցինք, գարնանը մայրս մի քիչ ապաքինվեց ու օրավարձով ուրիշների դաշտերում աշխատանքի գնաց: 15 օր անց մայրս նորից անկողին ընկավ, պարտքեր կուտակվեցին, ապրելն անհնար դարձավ: Հայրս, ով մորիցս 20 տարի առաջ էր բաժանվել ու Աբխազիայում բնակություն հաստատել, մեզանով չէր հետաքրքրվում: Վիրավորված էի, բայց կարիքից ստիպված որոշեցի դիմել նրա օգնությանը: Երկար մտածելուց հետո հորս հետ կապ հաստատեցի, խնդրեցի գումարով օգնել: Մերժեց, սակայն երկու շաբաթ անց զանգեց, առաջարկեց իր մոտ տեղափոխվել ու այնտեղ բնակություն հաստատել: Միևնույն ժամանակ խոստացավ աշխատանք գտնել ինձ համար: Սկզբում չհամաձայնեցի, հետո հասկացա, որ ելք չունեմ: Աղջիկս այս տարի դպրոցն ավարտելու է, չէր ուզում ինձ հետ մեկնել, երազանքներ ուներ, բուհ ընդունվելու հույս էր փայփայում: Վիճեցինք, բայց ես հաղթեցի: Մորս հարևանի խնամքին թողեցինք և աղջկաս հետ հունիսի 15-ին հորս մոտ ուղևորվեցինք: Հորս հետ ապրելը գրեթե անհնար էր: Մեկ սենյականոց բնակարանում, որը հեռու էր բնակարան կոչվելուց, քնելու տեղ չկար անգամ: Մի քանի օր դժվարությունները հաղթահարեցինք և հայրս, ինչպես խոստացել էր, աշխատանք գտավ իմ ու աղջկաս համար: Սուխումիից տեղափոխվեցինք Գագրայի շրջան, հայկական մի խոհանոցում ես՝ խոհարար, աղջիկս՝ մատուցող աշխատեցինք, մորս էլ գումարով օգնեցինք: Սա այն էր, ինչ երազում էի: Աշխատանքն ունեինք, քնելու կացարանը կար, գումարն էլ վաստակում էիք: Որոշեցի ավելի հարմարավետ տուն վարձել ու այնտեղ էլ բնակություն հաստատել:
Իմ երջանկությունը երկար չտևեց, – պատմում է Նարինեն: Աղջիկս՝ Աննան, դասընկերների հետ անընդհատ կապի մեջ էր: Այդ օրը, ամբողջ երեկոյի ընթացքում, հուզված էր, անտրամադիր, գիշերը չքնեց ու առավոտյան իմ առջև հարցը կտրուկ դրեց՝ ինքը հետ է վերադառնում Հայաստան, անկախ նրանից ես հետը կգնամ, թե ոչ: Մեկ շաբաթ առավոտից երեկո մայր ու աղջիկ ետ վերադարձի կռիվ տվեցինք: Աննան հասավ իր նպատակին: Հոկտեմբերի 8-ին ինքնաթիռի տոմս գնեցինք ու վերադարձանք Հայաստան: Արդեն երկու շաբաթ է Հայաստանում ենք, Աննան նորից դպրոցում է, կրկնակի ժամանակ է տրամադրում դասերին, բացթողումներն է լրացնում: Երջանիկ է Աննան, թոռնիկի որոշումից գոհ է մայրս, մեզանից նեղացած է հայրս, ես էլ նորից աշխատանք գտնելու խնդրով եմ տառապում,- ասաց Նարինեն:
Լսելով ընկերուհուս պատմածները, ինչուների այնքան մեծ շարան գծագրվեց գլխումս, բայց մտածեցի չարժե բարձրաձայնել: Նախ՝ Նարինեն ընկճված էր, հետո՝ նման պատմությունները դժբախտաբար մեր իրականության մեջ դարձել են սովորական առօրյա: Ուրախ էի, որ Աննան շարունակում է դպրոց գնալ և իր վճռականությամբ կկարողանա բարձունքների հասնել: Այդպես էլ ասացի ընկերուհուս:
Արտագաղթը խժռում է երեխաների երազանքները, բայց 16-ամյա Աննան կարողացավ ստիպել մորը հետ վերադառնալ հայրենիք
16:02, 20 հկտ. 2015