Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ
Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ
Սիրելի՝ շրջանավարտներ,
Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի ուսուցիչներով:
Շնորհավորանքի խոսքեր եմ հղում նաև մեր մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով:
Սիրելի՛ մանկավարժներ, մեր զորացող երիտասարդ պետության հույսն ու ապավենն է կրթվում ու դաստիարակվում Ձեր մտքի լույսով ու Ձեր հոգու ջեմությամբ: Ձեր հետևողական աշխատանքի և անմնացորդ նվիրման շնորհիվ կրկին մի նոր սերունդ կյանք է մտնում՝ իր հետ տանելով ձեր պատգամները: Համոզված եմ, որ շրջանավարտների շուրթերից հնչող երախտիքի խոսքերին այսօր մեծ սիրով ու խոնարհումով միանում են ձեր բոլոր աշակերտները: Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն, մտքի պայծառություն, շնորհ ու նվիրում` Ձեր առաքելության մեջ:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություն բոլոր նախաձեռնություններում, թող լայն բացվեն Ձեր առաջ մեծ կյանքի դռները, և լուսավոր ճանապարհները տանեն դեպի գիտության եզերքները` ի փառս հայոց երկրի և ի բարօրություն հայ ժողովրդի: