Երևանում կարմիր գծերով նշված վճարովի ավտոկայանատեղերի նորամուծության նպատակն ու գաղափարը հասկանալի է գրեթե բոլորին, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն առայժմ տրված չեն:
Օրինակ՝
Հարց առաջին – Նշված կայանատեղերում կայանելու են նաև տրանսպորտային միջոցներ, որոնք պատկանում են մատակարար ընկերություններին: Օրվա ընթացքում հնարավոր է մի 100 անգամ կայանեն, SMS հաղորդագրության միջոցով վճարում իրականացնեն, սակայն առևտրային ընկերությունները հաշվարկներ կատարելիս ֆինանսական ի՞նչպիսի փաստաթղթերի միջոցով են ծախսերը գրանցելու:
Հարց երկրորդ – Ինչո՞ւ հավասար պայմաններ չեն ստեղծվում կայանող ավտոմեքենաների բոլոր վարորդների համար: Ասենք, եթե կայանած տրանսպորտային միջոցը Իրանի, Վրաստանի կամ Ռուսաստանի գրանցում ունի, նրա համար կայանումն անվճար է, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ վճարովի:
Հարց երրորդ – Եթե արտասահմանցիները կայանման համար չեն վճարում, ինչո՞ւ պետք է կայանման համար վճարեն մարզերի բնակիչները, որոնց Երևան քաղաքի բյուջեն, մեղմ ասած, ընդհանրապես չի հետաքրքրում:
Հարց չորրորդ – Ինչո՞ւ պետք է նույն գումարը վճարեն 8 մետրանոց ԼԱԶ ավտոբուսի և 2,5 մետր երկարությամբ Nissan March ավտոմեքենայի վարորդները:
Հարց հինգերորդ – Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ չի հրապարակում այն գործողությունների ցանկը, որոնք հնարավոր է կատարել Երևան քաղաքում 5 րոպեի ընթացքում:
Հարց վեցերորդ – Դատարանում ի՞նչ փաստաթղթերով է վարորդը պաշտպանելու իր իրավունքը՝ կապված կայանատեղիի տուրքի հետ:
Հարց յոթերորդ – Ձմռան ամիսներին, երբ կարմիր գիծը ծածկված կլինի ձյան շերտով, ի՞նչպես է կարգավորվելու տուրքի վճարումը:
Հարց ութերորդ – Ո՞ր դեպքում է կայանատեղին համարվելու վճարովի՝ միայն կարմիր գծի առկայությա՞ն, թե՞ կարմիր գծի և համապատասխան ցուցանակի առկայության դեպքում: Երկուսից մեկի բացակայության դեպքում ինչպե՞ս է կարգավորվում խնդիրը:
Հարց իններորդ – Վահանակը, որի վրա նշված է գանձվող տուրքի չափը, ՀՀ օրենսդրությամբ ճանապարհային նշան չի համարվում: Ինչո՞ւ պետք է վարորդը հետևի կամ կարդա վահանակի վրայի գրվածը:
Հ.Գ. Ավելի տրամաբանական կլիներ այդ տուրքը գանձվեր Լարսի անցակետի օրինակով, երբ հայաստանցի յուրաքանչյուր ուղևորից պահանջում են 500 կամ 1000 ռուսական ռուբլի, իսկ հարցին, թե ի՞նչ վճարում է դա, պատասխանում են. «Сначала плати, потом узнаешь»: