Oգոստոսի 30-ին ք. Երևանում տեղի ունեցավ «Ռեֆորմների ցուցահանդեսը»՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» չորրորդ` 2018-2020թթ-ի գործողությունների ծրագրի վեց ոլորտային բարեփոխումներին: 

«Ռեֆորմների ցուցահանդես»-ի ընթացքում ներկայացվեց վեց հանձնառությունների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները, որն իրականացրել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ)  հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան քարտուղարության հետ  համատեղ՝ «Բաց Կառավարման գործընկերության մասնակցային ԲԿԳ մոդել» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրությունն իրականացվել էր թաուն հոլ (հանրային քննարկում) մեթոդաբանությամբ՝ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, որոնց նպատակն էր քննարկել ՀՀ ԲԿԳ 4-րդ գործողությունների ծրագրի (2018-2020թթ.) թիրախավորված 6 հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ նրանց դիրքորոշումներն ու հետադարձ կապը՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործման ու զարգացման համար։

Թաուն հոլերն իրականացվել են հետևյալ 6 հանձնառությունների շուրջ.

• «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում»,

• «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում»,

• «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»,

• ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում,

• ՀՀ հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում,

• Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն։

Յուրաքանչյուր հանձնառության ներկայացմանը հաջորդեց ուսումնասիրության արդյունքում մշակված առաջարկների ներկայացումը։ Օրինակ, «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառության բարելավման համար հետազոտությանը մասնակից քաղաքացիներն առաջարկում էին որպես պացիենտ ունենալ հնարավորություն ընտրելու ոչ թե բուժ․ հաստատությունը, այլ բժշկին՝ անգամ բուժ․ ծառայության դիմաց համավճարով: Այսինքն, պետ․ պատվերով բուժման համար նախատեսված գումարը բուժ․ հաստատության փոխարեն տրամադրվի անմիջապես պացիենտին։

Իսկ «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» հանձնառության շրջանակերում ամենից ցանկալի փոփոխությունը, որ քննարկման մասնակիցները կցանկանային տեսնել, դա աշակերտին դպրոց ընդունելու առաջնահերթություններում դրված չափանիշների վերասահմանումն է, որ  աշխարհագրորեն դպրոցին մոտ լինելու հանգամանքը ևս դիտարկվի որպես այդպիսին, ինչի համար օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա։ «Ռեֆորմների ցուցահանդեսը» կարևոր հարթակ հանդիսացավ ոլորտային բարեփախումների շուրջ իրականացված ուսումնասիրության հանրային հասանելիության, պատասխանատու ու հասցեատեր կառույցների և դրանց ներկայացուցիչների շրջանում բարեփոխումների հետագա զարգացմանն ուղղված կարևոր առաջարկների բարձրաձայնման համար։