Նարդու սեղանի շուրջ էլ քննարկվում է գյուղապետի արածն ու չարածը:
Ակնալիճցիների հանդիպման վայրը չի փոխվում, գյուղի տղամարդիկ ամեն օր, կեսօրից հետո գյուղի սկզբնամասում գտնվող, իրենց ձեռքով ստեղծած բացօթյա խաղասրահում են հավաքվում: Խաղի հիմնական տեսակը նարդին է: Դիտորդներն ու խաղացողներն ամեն մեկն իր տեղը գիտի, նույնիսկ գիտեն, թե ով ում հետ կարող է խաղալ, կամ ով ում կարող է հաղթել: Դիտորդների պակաս երբեք չի զգացվում, մեկը գնում է, մյուսը գալիս, ինչպես իրենք են ասում ուստա Վարդանն ամենաուժեղն է նարդի խաղում:
Ըստ Ակնալիճցիների, Վարդանը ոչ միայն լավ նարդի է խաղում, նաև լավ կռվում է, ազատամարտիկ է, գյուղում մեծ հարգանք է վայելում, գյուղի անցուդարձից կամ կատարվող իրադարձություններից ամենատեղեկացվածն է: Ճիշտ է, Վարդանը գյուղապետի Քառամյա ծրագիրը կետերով չի հիշում, բայց որոշ անելիքների ծանոթ է:
Ակնալիճի գյուղապետ Գևորգ Միսակյանը գյուղապետի պաշտոնում է արդեն 17 տարի: Քառամյա ծրագրի դրույթներն ամեն հերթական ընտրություններում փոխվում են, որոնք իրականացվել են, հանվում են ու նոր անելիքներ առաջ քաշվում: Միսակյանն իր Քառամյա ծրագրի կետերը շատ լավ է հիշում, նույնիսկ դրանց հաջորդականությունը չի խախտում: Գյուղապետի համար Քառամյա ծրագրով նախատեսված ամենամեծ խնդրի ամեմամեծ մասը լուծված է՝ գյուղն 90 տոկոսով գազաֆիկացված է:
Վերջին երկու տարիներին իրականացվել է նաև գյուղի նոր բուժամբուլատորիայի կառուցման աշխատանքները, ճիշտ է պետական միջոցներով, բայց համայնքը նույնպես ներդրում կատարել է: Համայնքի բյուջեի հաշվին մասնակի վերանորոգվել է նաև գյուղի մանկապարտեզի շենքը: Կրկին կառավարության միջոցներով, բայց գյուղապետի համառ ջանքերով գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող հակակարկտային 5 կայանների փոխարեն տեղադրվել է 7-ը: Միսակյանն իր Քառամյա ծրագրի հաջորդ կետով է հիմա զբաղված. գյուղում բացօթյա շուկա պետք է կառուցի, այս կերպ կկարողանա գյուղացիներին հանրապետական նշանակության ճանապարհի եզրին առևտուրը կազմակերպելը կանխել, ինչը վտանգավոր է ոչ միայն երթևեկության, այլև գնորդի ու վաճառողի համար:
Միսակյանի Քառամյա ծրագրում անելիքները շատ են, ինչը չես համեմատի, ասենք, այլ համայնքների զարգացման ծրագրի հետ: Մոտ 20 կետի հասնող Միսակյանի անելիքների մեջ է մտնում նաև փողոցների լուսավորությունը, ասֆալտապատումը, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը: 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցն արդեն ասֆալտապատվել է, բյուջեից 5 մլն դրամ է հատկացվել: Հիմա նոր մրցույթ պետք է հայտարարվի, նոր փողոցներ պետք է ասֆալտապատվի:
Բազմաբնակարան 7 շենքերից մեկի տանիքն անցյալ տարի է վերանորոգվել: Այս տարի երկրորդ շենքի տանիքը կվերանորոգվի: Շենքերն ընտրվում են ըստ առաջնահերթության: Տանիքի վերանորոգման համար շուտով մրցույթ կհայտարարվի:
Գյուղի բյուջեի հաշվին է վերանորոգվել նաև գյուղի մշակույթի տանը գործող հանդիսությունների սրահը: Միսակյանի Քառամյա ծրագրով էլ պետք է սրահը գազաֆիկացնի ու օդորակիչներ տեղադրվի, ճիշտ է, դեռ չի գազաֆիկացվել, բայց օդորակիչներն արդեն տեղադրվել են: Թերևս այս փաստը զարմացրեց՝ ինչո՞ւ բյուջեի միջոցներով պետք սրահ կառուցվեր ու վերանորոգվեր: Գյուղապետն ասում է պատճառը հիմնավոր է, սրահը գյուղացիներին անվճար տրամադրելու համար է:
Մինչև գյուղապետ Գևորգ Միսակյանը շարունակում է ոռոգման ջրագծերը նորով փոխարինելու աշխատանքները, գյուղացիները սածիլ են ցանում, հողը ծածկում պոլիէթիլենային թաղանթով, իսկ ուստա Վարդանն էլ նարդու խաղն է շարունակում, խաղընկերներից 5-ին պարտության է մատնել, հիմա Վարդանի հետ ուժերը չափելու հերթը վարպետ Աշոտինն է: