Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին քաղաքացիներն ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը, Արթուր Թումանյանը և Արթուր Խաչատրյանը: Երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել էին: Ավագանու 15 տեղի համար պայքարում էր 23 թեկնածու: Էջմիածին քաղաքում առանձնապես եռուզեռ չկար, ընտրողների ակտիվություն ոչ բոլոր տեղամասերում էր նկատվում:
19/16 ընտրատեղամասում ընտրողներն ակտիվ էին: Հանձնաժողովն աշխատում էր կուտակումներից խուսափել:
Ըստ տեղամասային հանձնաժողովների նախագահների, քվեարկությունն ընթանում է առանց խախտումների, քվեարկության ընթացքը խոչընդոտող միջադեպեր կամ խնդիրներ չեն եղել, ընտրացուցակներում անճշտություններ չեն հայտնաբերվել, տեղամասային ընտրական հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել: Այս մասին փաստում են նաև 3 թեկնածուների վստահված անձիք:
Թիվ 19 ընտրատարածքում 18 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, 11-ում՝ ավագանի և համայնքի ղեկավար է ընտրվել, 7-ում՝ միայն համայնքի ղեկավար: 19 ԸԸՀ նախագահ Գրիգոր Նազարյանի խոսքով, 8 համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել է մեկական թեկնածու, իսկ ամենաշատը՝ 5 թեկնածու է ընտրապայքարի դուրս եկել Արաքս համայնքում: Քվեարկությանը ընտրողների մասնակցությունը Նազարյանը գնահատում է բավարար:
19 ընտրատարածքում ձևավորված 49 ընտրատեղամասերից 23-ը տեղակայված էին Էջմիածին քաղաքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ի դրությամբ բողոք-դիմումներ չի արձանագրել: Էջմիածին քաղաքում 44483 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 16045 քաղաքացի, և նախնական տվյալներով Էջմիածին քաղաքի քաղաքապետ է վերընտրվել Կարեն Գրիգորյանը: Ըստ նախնական արդյունքների, Կարեն Գրիգորյանի օգտին է քվեարկել 10587 ընտրող, Արթուր Թումանյանը ստացել է 3651 քվե և Արթուր Խաչատրյանին են իրենց ձայնը տվել 504 քաղաքացի: