Մեծամոր քաղաքի ավագանին տարեվերջյան նիստ էր հրավիրել: Օրակարգում 3 հարց էր՝ համայնքային ենթակայության կազմակերպությունների 2016թ. գործունեության մասին, 2015թ. Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին և Մեծամոր քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն հաստատելու մասին: Օրակարգը ավագանին հաստատեց, նիստը վարեց քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվեց Մեծամոր քաղաքի երեք մսուր-մանկապարտեզների երեխաների ամսական վարձավճարների բարձրացման հարցը: Քաղաքապետ Գրիգորյանը նշեց սննդի թանկացման մասին և ավագանին քննարկեց ու առաջարկեց մանկապարտեզներում մեկ երեխայի ամսական վարձավճարը թողնել անփոփոխ՝ 3000 դրամ, հաշվի առնելով հասարակության սոցիալական պայմանները: Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն առաջարկը դրեց հաստատման, ավագանին միաձայն կողմ քվեարկեց:
Օրակարգի երկրորդ հարցով ավագանին հաստատեց համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ավագանին առաջարկեց նաև վերանայել աշխատակիցների աշխատավարձերի չափը, սակայն քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը հիշեցրեց՝ համայնքի 209 մլն դրամ բյուջեով 253 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհնարին է: Ըստ քաղաքապետի հարցը կվերանայվի 2016թվ-ին:
Մինչև օրակարգի վերջին հարցին անդրադառնալը, ավագանու անդամ Գնել Գաբոյանը քաղաքապետին ներկայացրեց մեծամորցիների դժգոհությունները: Բնակիչներին անհանգստացնում էր նոր վերանորոգված բազմաբնակարան շենքի տանիքի ջրհորդանների բացակայությունը:
Ավագանին միաձայն հաստատեց նաև Մեծամոր քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն, ըստ որի բյուջեն կազմում է՝ եկամուտների գծով 209 մլն 980 հզր դրամ և նույնքան կազմում է ծախսերի մասով: