2009թ. կառավարության որոշմամբ Մեծամորի պոլիկլինիկան քաղաքի կենտրոնից տեղափոխվեց հիվանդանոցի տարածք: Պոլիկլինիկայի տեղափոխումը պայմանավորված է բուժհաստատությունների կենտրոնացման հետ: Բացի այդ, Մեծամորի պոլիկլինիկայի գործող շենքը չէր համապատասխանում պոլիկլինիկական ծառայության նորմերին:
Մեծամորի պոլիկլինիկան աշխատանքները շարունակեց հիվանդանոցի մասնաշենքերից մեկում, որտեղ նույնպես շենքային պայմանները հեռու էին բարվոք պոլիկլինիկական նորմերին համապատասխանելուց: 5 տարի անց Մեծամորի հիվանդանոցի մեկ այլ մասնաշենքում 500 քմ մակերեսով տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է և պոլիկլինիկայի բուժանձնակազմն այլևս ստիպված չի լինի աշխատել կաթացող առաստաղի կամ ամենուր թափվող ծեփոնների տակ: Պոլիկլինիկայի վերանորոգման համար Համաշխարհային բանկը 40 մլն դրամ է հատկացրել:
Մեծամոր Բ/Կ գործադիր տնօրեն Միքայել Վանյանի խոսքով, պոլիկլինիկական ծառայություններն արդեն կմատուցվեն հիմնանորոգված և ժամանակակից տարածքում: Սակայն տնօրենը խնդիրն ամբողջությամբ լուծված չի համարում: Պոլիկլինիկայի սարքավորումները և գույքը մաշված են, օգտագործման համար ոչ պիտանի գույքը 80-ականների ժառանգություն է, իսկ սարքավորումները և բարոյապես, և ֆիզիկապես մաշված են:
Գույքի և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար հիվանդանոցի տնօրենը դիմել է Արմավիրի մարզպետարան և հույս ունի, որ կլուծվի նաև այդ խնդիրը: Մեծամորի պոլիկլինիկան սպասարկում է Մեծամոր քաղաքի և հարակից համայնքների 20 հազար բնակչի: