Հոկտեմբերի 30-ին ժամը 16:00-ի մոտակայքում Արգամ Հովիկյանը, ով հոր և քրոջ հետ վարձով բնակվում է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 10 շենքում, որոշում է իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ որոշ հարցեր պարզել և մտնում է վերջինիս աշխատավայր՝ «Մանուշակ» մանկապարտեզ: Հանդիպումը վերածվում է վեճի, հասնում է մինչև դանակի սպառնալիքի: Ձայներից վեճին սկսում են միջամտել մանկապարտեզի աշխատակիցներ, որոնց թվում նաև մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանը, ով Լիլիթի տատիկն է:
Արգամ Հովիկյանը դանակով վնասվածքներ է հասցնում ինչպես նախկին կնոջը, այնպես էլ մանկապարտեզի վարիչին և սպառնում բոլորին, ով փորձի դուրս գալ սենյակից, որտեղ կային նաև երեխաներ: Այդ ընթացքում հաջողվում է դանակի վնասվածքներ ստացած Լիլիթին հեռացնել տարածքից:
Դեպքի վայր են ժամանում Արմավիր քաղաքի ոստիկանության աշխատակիցները և բանակցությունների արդյունքում երեխաներն ու մյուս աշխատակիցները դուրս են գալիս դանակով զինված Արգամի տիրապետության տակ գտնվող սենյակից:
Սենյակում մնում են մանկապարտեզի վարիչը, նոր ժամանած Լիլիթի մայրը և մանկապարտեզի սան, 3-ամյա Համայակ Համազասպյանը, ում Արգամը նստեցրել էր գրկին և սպառնում էր վնասել, եթե սենյակ չբերեին իր նախկին կնոջը:
Դեպքի վայր ժամանեցին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի: 4 ժամ անարդյունք բանակցությունները բերեցին նրան, որ ոստիկանությունը, կիրառելով հատուկ միջոցներ, վնասազերծեց զինված անձին և պատանդ վերցված երեխային Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը դուրս բերեց մանկապարտեզի շենքից:
Պատանդառու, 36-ամյա Արգամ Հովիկյանին նրա նախկին կին՝ մանկապարտեզի դաստիարակ Լիլիթ Հովհաննիսյանին և մանկապարտեզի սան, 3-ամյա Համայակ Համազասպյանին շտապ տեղափոխեցին Արմավիրի բժշկական կենտրոն:
Սինքրոն – Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյան – Մեզ մոտ բերել են երեք հոգու, հավանաբար պատանդառված…
Երեխային բուժզննություն անցնելուց հետո ծնողները տուն տարան:
Արգամ Հովիկյանի վիրահատությունը, ըստ բժիշկ Անտոնյանի, ավարտվել է բարեհաջող: Այժմ վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ըստ հարևանների Արգամը և Լիլիթը, արդեն մեկ տարի է, ամուսնալուծվել են, սակայն Արգամն իր մեթոդներով բազմաթիվ փորձեր է կատարել կնոջ հետ միանալու համար: Երեկվա դեպքը Արգամի փորձերից մեկն էր, որից մարմնական վնասվածքներ ստացան ինքը՝ պատանդառուն ինքնավնասումով, նրա նախկին կինը՝ մարմնի տարբեր հատվածներում կտրվածքներով և կնոջ տատիկը՝ մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանը քերծվածքներով: