Արմավիրի քաղաքային զբոսայգում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ապրիլի 24-ի խորհրդանշական օրվա առթիվ մատուցվել է սուրբ պատարագ։
Արարողությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ՝ միավորված նույն զգացումով՝ խոնարհվելու և ոգեկոչելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը մատուցել է աղոթք առ Աստված` հայցելով հոգիների խաղաղություն և հանգիստ՝ ցեղասպանության սուրբ նահատակների համար։ Նրա պատգամը ներկաներին հիշեցրել է պատմական հիշողության պահպանման և ազգային ինքնության ամրապնդման կարևորության մասին։
Պատարագից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին։ Լռության և խոկման այդ պահերին կրկին ընդգծվել է մեր ժողովրդի միասնականությունը, պատմական արդարության ձգտումն ու հիշողության փոխանցման պատասխանատվությունը գալիք սերունդներին։
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ





