Մրգաշատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված մրգաշատցի քաջորդիների հիշատակին։ «Կյանքդ կյանքիս համար» խորագիրը կրող միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն անհատապես հիշեցին ու ներկայացրեցին հերոս տղաների անցած ուղին, փառքն ու վաստակը հայրենիքի նկատմամբ։

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողները, հարազատները, համագյուղացիները, ինչպես նաև մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Դպրոցի տնօրենի խոսքով, հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում։ Նրանք պայքարել և իրենց կյանքը չեն խնայել հանուն վաղվա գեղեցիկ ապագայի և բարօրության, այդ պատճառով պետք է սերունդները ջանք ու եռանդ չխնայեն հերոսների սխրանքներն  ու փառքի ճանապարհը գնահատելու, պահելու և արարեցնելու համար։ Դպրոցի սաները պետք է ջանան արժանի հետնորդներ լինել քաջարի զինվորներին և հետագայում արդարացնել նրանց հույսերն ու ապացուցել, որ հերոսի կյանքի գինը ամենամեծն էր պետության ու պետականության զարգացման գործում։