Խանջյանցի Արմենը, արդեն 3 օր է, սկսել է դեղձի բերքահավաքը։ Շուրջ 10 տոննա բերք է ակնկալում այգուց։ Դեղձի մեկ կիլոգրամը վաճառում է 100-170 դրամով։ Այսօր բերքահավաքն ավելի լավ տրամադրությամբ է սկսել, մթերող կազմակերպությունից լավ լուր է ստացել՝ 40-ի փոխարեն կմթերեն 100 դրամով, իսկ չրագործները 150-170 դրամով են գնում։
Արմենի հարևան այգետերերը նույնպես բերքահավաք էին անում, ասում են՝ որակյալ դեղձը չիր արտադրող կազմակերպություններին են վաճառում, միջինից ցածր որակը՝ գործարանին հանձնում։ Գյուղում գործարանային ապրանքը հավաքողներ կային։ Գյուղացիների խոսքով, ապրանքի տեղափոխման խնդիրը ևս թեթեևացել է։ Օրինակ, Արմենը նախընտրում է 100 դրամով մթերողին վաճառել բերքը, քան՝ արտահանողին։
Ըստ գյուղացիների, գինն այնքան էլ իրենց սպասելիքներին մոտ չէ, բայց այս իրավիճակում մեղմացնող ելք է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հացիկ և Խանջյան գյուղերի այգետերերը բողոքի ակցիա էին կազմակերպել, դեղձի իրացման խնդիրն էին բարձրացրել։ Գնորդ չկար, իսկ միակ արտահանողը ցածր գին էր առաջարկում։ Խնդիրը կարգավորվեց կառավարության որոշմամբ՝ չիր արտադրող, մթերող կազմակերպություններին և արտահանում իրականացնողներին սուբսիդիայի տրամադրման միջոցով։