Լոլիկի մեկ կիլոգրամի համար մթերող կազմակերպություններն առաջարկում են 30-40 դրամ, իսկ մեծածախ շուկաներում գինը տատանվում է 60-70 դրամի սահմաններում։ Ֆերմերները փակուղում են հայտնվել, բանջարեղենի գինն ինքնարժեքից ցածր է, իսկ եկամտի մասին խոսելն ավելորդ է։

Ակնալիճցի Գուրգենի ընտանիքն այս տարի մեկուկես հեկտար լոլիկ, պղպեղ և սմբուկ է մշակում։ Բերքատվությունից գոհ է, սպասելիքներն արդարացված էին մինչև այն պահը, քանի դեռ բերքը շուկա չէր հանել։

Տիկին Մարիետան՝ Գուրգենի կինը, պատմում է՝ մոտ 30 տարի է, գյուղատնտեսությամբ են զբաղվում, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում։ Հողատարածքը վարձակալությամբ են վերցրել, մշակության ծախսերը վարկային միջոցներով լուծել ինչպես նախորդ տարիներին։ Բայց փաստի առաջ են կանգնել՝ օրական 10 արկղ լոլիկ հազիվ են վաճառում, իսկ մի քանի տասնյակ տոննաներով բերքը մանրածախ վաճառքով իրացնելն անհնար կլինի։ Գուրգենն այսօր էլ պատրաստվում է շուկա գնալ։

Գուրգենն իր ընտանիքով է հողը մշակում, ֆինանսական միջոցները սուղ են օրավարձով աշխատողներ պահելու համար, ասում է անգամ երեխաներին է ներգրավում բերքահավաքին, այլընտրանք չկա։ Գյուղացիների խոսքով, եթե անգամ գնային այս պայմաններում մթերման հարցը լուծվի, որոշ չափով խնդիրը կմեղմանա։ Ըստ Գուրգենի, նույն իրավիճակում է նաև պղպեղի ու սմբուկի իրացումը, սմբուկը՝ 70, պղպեղը՝ 120 դրամով է վաճառել շուկայում՝ այն դեպքում, երբ սմբուկի համատարած բերքահավաքը դեռ չի սկսվել։