Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը գտնվում է անմիջապես հայ-թուրքական սահմանի հարևանությամբ: Եզդիաբնակ այս գյուղում ժամանակին ապրել է 120 տնտեսություն: 90-ականներին գյուղը դատարկվել և հիմա ընդամենը 7 ընտանիք է ապրում: Գյուղում խնդիրները շատ են՝ ճանապարհներն անմխիթար վիճակում են, գազ չկա, իսկ խմելու ջուր երբևէ չի էլ եղել: Խմելու և ընդհանուր օգտագործման ջուրը բնակիչներն Ախուրյան գետից են բերում, երբեմն իրենց շռայլություն էլ են թույլ տալիս՝ 10 օրը մեկ անգամ Թալինի ջուր վաճառող ցիստերնից խմելու ջուր են գնում: Թլիկցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Անասնակերի պակասը վերջին տարիներին նույնպես լուրջ խնդիր է գյուղացիների համար: Հողերի սեփականաշնորհումից հետո արոտավայրերը պակասել են: Գյուղի բնակելի տները կիսավեր վիճակում են, լքված տները կամ դարձել են շինանյութ, կամ քայքայվել տարիների ընթացքում: Թլիկում ապրող մի քանի ընտանիքները նույնպես մտածում են արտագաղթի մասին, սակայն ֆինանսական հնարավորությունները չեն ներում: