Թիվ 16 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիր և Բաղրամյան համայնքները, քվեարկությունը սկսվել է օրենքով սահմանված կարգով։ Առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների դռները և մեկնարկե քվեարկությունը։ 16/2 ընտրական տեղամասում գրանցված 1602 ընտրողներից ժամը 10.30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 115 քաղաքացի։ Այստեղ բողոք դիմումներ, խախտումներ չեն արձանագրվել։ 16/19 ընտրատեղամասում 1909 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 270-ը ։ Ըտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղազարյանի խոսքով քվեարկության ընթացքում դժգոհություններ չեն եղել, խախտումներ չեն արձանագրվել։ Ըստ Ղազարյանի լուկաշինցիները ցուցաբերում են ակտիվ մասնակցություն։ Ղազարյանի խոսքով պարբերաբար հանդիպում են քվեարկողներ, ովքեր օգնության կարիք են ունենում, օրինակ կարդալու հետ խնդիրների դեպքում դիմում են օգնության։ Բացի դա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նկատել է, որ հատկապես բարձր տարիքի քաղաքացիները քվեարկության կարգին ծանոթ չեն, քվեախցիկում գրիչ են փնտրում։ Այս դեպքերում հանձնաժողովի անդամները փորձում են քաղաքացուն բացատրել կարգը։
Թիվ 16 ընտրատարածքի 45 ընտրական տեղամասում քվեարկության իրավունք ունի 59884 քաղաքացի։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի խոսքով այս պահին քվեարկությունն ընթանում է առանց խախտումների, օրենքով սահմանված կարգով։