70-ամյա Աիդա Տարխանյանը, արդեն 30 տարի է, ապրում է Արմավիր քաղաքում՝ ավտոտնակում։ Երբ մոտենում է տիկին Աիդայի բնակարան ստանալու հերթը, տեղի է ունենում խորհրդային միության փլուզումը և նրա ընտանիքն այդպես էլ կորցնում է բնակարան ստանալու իր իրավունքը։ Ավելի ուշ տղան մեկնում է ՌԴ, ինքը, թոռան՝ Հովհաննես Հաջյանի հետ, բնակություն է հաստատում այս ավտոտնակում, որտեղ և գրանցված են։ 30 տարիների ընթացքում պարբերաբար փորձում են բնակարան վարձակալել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում երկար զբաղեցնել բնակարանն ու վերադառնում են ավտոտնակ, – պատմում է տիկին Աիդան, ում ընտանիքը համալրվել է ևս երկու անդամով։ Այստեղ են ապրում նաև թոռնիկի՝ Հովհաննեսի կինը՝ Լուիզա Մարտիրոսյանը և նրանց 1,3 տարեկան երեխան։

Չնայած անմխիթար պայմաններին, Լուիզան փորձում է հնարավորինս մաքուր ու դասավորված պահել տարածքը։ Ամենատարրական կենցաղային պայմաններից զուրկ այս ավտոտնակում ջուր չկա, էլեկտրաէներգիայի հարցով օգնություն են խնդրել հարևանից՝ ենթաբաժանորդագրվելով, իսկ ապրուստի միջոցը Լուիզայի սկեսրոջ 39 հազար դրամ կենսաթոշակն է և ամուսնու աշխատավարձը, ով պայմանագրային զինծառայող է։ Կամավորական հիմունքներով զինվորագրվել է, մասնակցել քառօրյա պատերազմին և մինչ օրս գտնվում է ծառայության մեջ։ Մինչ այդ աշխատել էր օրավարձով, կատարել տարբեր աշխատանքներ։

Ընտանիքը դժվարություններից չի տրտնջում, Լուիզան ասում է՝ ամենակարևորը փոքրիկի առողջությունն է, երեխան էպիլեպսիկ նոպաներ է ունենում։ Դրանք նվազեցնելու համար դեղորայք պետք է ընդունի, որն այդքան էլ մատչելի չէ,- ասում է մայրը։

Տարխանյանների ընտանիքի կողքով բարի մարդիկ անտարբեր չեն անցել։ Ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով ՌԴ Պերմ քաղաքից Բաբկեն Բաղդասարյանն օգնություն էր հատկացրել, որը կթեթևացներ ընտանիքի սննդի ծանրաբեռնվածությունը։ Օգնությունն իր մեջ պարունակում էր նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ իրեր՝ սկսած հագուստից մինչև հիգիենիկ պարագաներ, տնտեսական ապրանքներ և կենցաղում օգտագործվող  անհրաժեշտ իրեր։ Նշենք, որ բարերարն օգնությունները հատկացնում է իր ինստագրամյան էջում իր հետևորդների միջոցով հանգանակվող ֆինանսական միջոցներով։

Լուիզան վստահեցնում է, որ տրամադրված օգնությունն իսկապես ընտանիքի համար մեծ աջակցոթյուն է։