Կաղամբի մեծածախ գինը մեկ կիլոգրամի համար տատանվում է 90-110 դրամի սահմաններում։ Լուկաշինցի Նորիկ Մեսրոպյանը, շուրջ 30 տարի, զբաղվում է կաղամբի մշակությամբ։ Այս տարի 6000 քառակուսի մետր հողատարածքում կաղամբ է աճեցրել։ Բերքատվությունից գոհ է, գինն էլ, նախորդ տարվա համեմատ, կրկնակի բարձր է։

Մեսրոպյանն այս տարի 35 տոննա բերք է ակնկալում, որից 15 տոննան արդեն իրացրել է։ Բերքահավաքը դեռ շարունակվում է։ Գյուղացու խոսքով, 6000 քառակուսի մետր հողատարածքից հնարավոր է մինչև 45 տոննա կաղամբ ստանալ, եթե հողը բերրի է, պատշաճ պարարտացվել է և մշակությունն իրականացվել ճիշտ ագրոտեխնիկական կանոններով։ Լավ բերք ստանալու համար կարևոր է նաև պարբերաբար փոխել մշակաբույսերի տեսակները։ Նույն հողատարածքում անընդմեջ նույն բանջարեղենի մշակությունը ցանկալի չէ։

Կաղամբի իրացումից Նորիկը գոհ է։ Արտադրանքը վաճառում է ինչպես շուկայում, այնպես էլ՝ անմիջապես հողատարածքից՝ վերավաճառողներին։ Ասում է՝ պահանջարկը մեծ է, գնորդների պակաս այս պահին չունի։

Բերքահավաքը Նորիկը կշարունակի մինչև նոյեմբերի երկրորդ կեսը։ Նրա խոսքով, կաղամբի համար ցրտահարության վտանգ առայժմ  չկա։ Այս տարվա բերքից ու եկամտից գոհ է Մեսրոպյանը։ Մշակությամբ  հիմնականում ընտանիքով են զբաղվել,  մեկ-երկու անգամ օրավարձով աշխատողներ են ներգրավել։ Հիմնական ծախսերը կատարվել են սերմացուի, հողի փխրեցման, ակոսների բացման, պարարտացման և բույսերի բուժման վրա։