«Դեղձի և թզի համար տրամադրվող աջակցությունը ևս մեկ ամսով երկարաձգում ենք։ Մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային արդեն իսկ ընդունված միրգ-բանջարեղենի համար, պահպանված են», – այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարվա հունվար-հուլիս ամիսներն ամփոփվել են և կարող եմ ասել այս ծրագրերը, ըստ էության, իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են։ Եթե անցած տարի առաջին 7 ամսում մենք  865 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք էինք արտահանել, այսինքն՝ սկսած մրգից, բանջարեղենից մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի ընդամենը 1,85 տոկոս ենք պակաս արտահանել։ Եթե հաշվի առնենք տեմպերը, նույնիսկ մտածում եմ, որ, օգոստոսը ներառյալ, արդեն կարող ենք գերազանցել, այսինքն արտահանման ծավալների խնդիրը լուծված է և մենք դիվերսիֆիկացնում և արտահանում ենք։ Ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը ևս աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով», -ասաց նախարարը։

Պարոն Պապոյան, դուք թվային տվյալ եք բերում։ Եթե մենք ծավալային տվյալը նայենք, ունե՞նք համեմատություն։ Իհարկե, գումարային տվյալն էական է, բայց ծավալայինը նույնպես  հետաքրքիր է, – հարցրեց վարչապետը։

«Ինչու՞ գումարը բերեցի, որովհետև գումարը միակ ունիկալ դեպքն է բոլորի համար, որ կարող է համախմբել, քանի որ մյուս դեպքերում պետք է նայենք առանձին-առանձին։ Եթե նայում ենք շշալցված կոնյակի դեպքում, ապա քանակական կտրվածքով, նախորդ տարվա համեմատ, 19 տոկոս ավելի շատ ենք արտահանել։ Կոնյակի սպիրտի պարագայում արտահանել ենք 12 տոկոս ավելի շատ։ Խմորման ենթակա այլ ըմպելիքների դեպքում, մասնավորապես գինու դեպքում, 8 տոկոսով ավելի պակաս, մրգահյութերի, բանջարեղենի դեպքում՝ 1 տոկոս պակաս նախորդ տարվանից, պտուղ-բանջարեղենի պահածոների դեպքում՝ 18 տոկոսով ավելի շատ նախորդ տարվա համեմատ, չոր մրգեր և բանջարեղեն՝ 151 տոկոս ավելի շատ, քան անցյալ տարի, բայց կան ուղղություններ, որոնք ավելի նվազ են։ Ենթադրենք՝ ծաղիկների դեպքում 27 տոկոս նվազում ունենք։ Օրինակ՝ անցյալ տարի օգոստոսի 1-ի դրությամբ արտահանվել էր 39 մլն հատ ծաղիկ, այս տարի 30 մլն 100 հզր հատ», – պատասխանեց Պապոյանը։