Սոխի մեկ կիլոգրամը՝ 70, կարտոֆիլը՝ 120, լոլիկը՝ 80 դրամ են վաճառում գյուղացիները մեծածախ շուկայում։ Մանրածախից տեղյակ չեն, դրա ժամանակը չունեն։ Բերքը, իրենց խոսքով, արևի տակ խաշվում է, խնդիրը՝ ժամ առաջ ապրանքը դաշտից դուրս բերելն է։ «Այս գներով իրացնել, նշանակում է եկամուտ չստանալ», – ասում են արշալույսցիները, ովքեր վերջին երկու շաբաթներին իրականացնում են սոխի, կարտոֆիլի մասսայական բերքահավաքը բաց ցանքատարածություններում և լոլիկի բերքահավաքը ջերմատներում։

ՀՀ Արմավիրի բազմաթիվ գյուղական բնակավայրերում այս օրերին օրակարգում սոխի, կարտոֆիլի, լոլիկի և բանջարեղենի այլ տեսակների իրացման խնդիրն է։ Հազարավոր տոննաներով հասունացած բերք շարունակում է մնալ դաշտերում կամ պահեստներում, քանի որ վաճառքի շուկան սահմանափակ է, իսկ արտահանման հնարավորությունները՝ անորոշ։

Արշալույսցի Նորիկ Միրզախանյանը 8 հեկտար հողատարածք ունի, սոխ և կարտոֆիլ է մշակում։ Այս տարի բերքատվությունից գոհ է, մեկ հեկտար հողատարածքից 70 տոննա սոխ է ստացել։ «Բերքահավաքի բուռն շրջան է, – ասում է Նորիկը և ավելացնում, – բերքը հավաքել, կեսը պահեստավորել են, մյուս կեսը հանել վաճառքի, մի մասն էլ դեռ հավաքում ենք, բայց շուկա չկա։ Տեղական շուկայում ինչքա՞ն սոխ կծախվի, բերքն էլ լավ է այս տարի, ցանքատարածությունները շատ են, դե պատկերացրեք ինչքան սոխ է արտադրվել, դա ներսում կսպառվի՞։ Պետք է դուրս գնա ապրանքը, թե չէ կմնա կնեխի, չենք հասցնի իրացնենք։ Վրացիներն են եկել այսօր, հույս ունենք, որ որոշակի քանակություն կտանեն։ Անցյալ տարի ֆուռերը կանգնած էին, խնդիր չէր վաճառելը։ Բացի դա, որ դուրս չի գնում, գինն էլ՝ շատ ցածր, մենք մեծածախը 70 դրամով ենք տալիս, մանրածախը մոտ 90 է ստացվում, իսկ սոխի մշակության ծախսերն այնքան շատ են, որ այդ արժեքը հազիվ թե ծախսերը հանի»։ Նորիկը սոխի երկու ցանքս է կատարում, մեկը՝ վաղ գարնանը, որի բերքահավաքը կատարում է հուլիսի առաջին կեսին, մյուսը՝ մայիս-հունիս ամիսներին, որի բերքահավաքը կատարվում է աշնանը։ Ասում է՝ երկրորդի դեպքում մի քիչ ավելի հեշտ է, երկար է պահվում, ձմռան ընթացքում կարողանում են վաճառել, հիմա մտածում է կրճատել սոխի ցանքատարածությունը, բայց դեռ չի կողմնորոշվում բանջարեղենի ի՞նչ տեսակով փոխարինել։

Գյուղացին ամբողջ տարվա ընթացքում ներդրում է կատարում՝ հող է մշակում, բարձր արժեքով սերմացու է գնում, պարարտանյութ, թունաքիմիկատներ, վճարում է ոռոգման ջրի, հողի հարկի համար, գյուղատնտեսական տեխնիկայի, վառելիքի և աշխատուժի համար։ Սրան ավելանում են եղանակային ռիսկերը, որոնք կարող են ազդել ոչ միայն բերքատվության վրա, այլև գյուղացուն զրկել սպասվող բերքից՝ կարկուտ, քամի, տարերային մի շարք աղետներ։ Սակայն, երբ գալիս է բերքահավաքի ժամանակը, պարզվում է, որ ամենամեծ խնդիրը ոչ թե արտադրելն էր, այլ՝ իրացնելը, – ասում են արշալույսցիները։

Գրիգորը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ։ «4 օր է, կարտոշկեն քանդել եմ, մնացել է դաշտում, արևի տակ չորանում է, չի վաճառվում։ Այս քանակությունը ո՞նց կարող եմ մի շաբաթում իրացնել։ Կիլոգրամը 120 դրամով ենք ծախում, ստեղ ճանապարհի հարևանությամբ մեծածախ շուկան ենք տանում։ Հիմա էլ շտապում եմ, որ շուկա գնամ, ժամանակս չի հերիքում, ապրանքը երկար չի մնում։ Կարտոֆիլը էլի ոչինչ, իսկ լոլիկը ոչ մի օր պահել չի լինում, – ասում է Գրիգորը և ավելացնում, – եթե արտահանվեր բանջարեղենը, նման ճգնաժամի առաջ չէինք կանգնի։ Լոլիկը ջերմատանն ամբղջությամբ հասունացել է, բերքով ճկված բույսը թեթևացնել չի ստացվում, ապրանքը շատ է, գնորդը՝ քիչ։ Լոլիկի մեկ կիլոգրամը վերավաճառողները Գրիգորից գնում են 80  դրամով, մանրածախ վաճառքի գինը տատանվում է 100-160 դրամ՝ ըստ որակի։

Այս խնդիրը միայն մեկ մշակաբույսի դեպքում չէ։ Պղպեղը, լոբին, վարունգը, շուտով նաև կաղամբը, գազարը նույն իրավիճակում են հայտնվելու։ Շատ կարևոր է, որ, արտադրության հետ զուգահեռ, զարգանան իրացման և արտահանման մեխանիզմները։ Եթե շուկաները ժամանակին չեն ապահովվում, արտադրողի ամբողջ աշխատանքը զրոյանում է, անկախ նրանից, թե որքան լավ բերք է ստացվել այդ տարին, – ասում են գյուղացիները և պնդում՝ խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում։ Անհրաժեշտ է զարգացնել նոր արտահանման ուղղություններ, ստեղծել արդյունավետ պահեստավորման և վերամշակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովել, որ գյուղացիները ժամանակին տեղեկացված լինեն շուկայի պահանջարկի մասին։ Այդ դեպքում հնարավոր կլինի ավելի ճիշտ պլանավորել ցանքատեսակների ընտրությունը, նվազեցնել կորուստների հավանականությունը։

Գյուղատնտեսությունը երկրի պարենային անվտանգության և գյուղական համայնքների տնտեսական կայունության կարևոր հենասյուներից է։ Երբ դաշտերում փչանում է հասունացած բերքը, կորցնում է ոչ միայն գյուղացին, այլև՝ ամբողջ տնտեսությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է խնդրի ոչ թե ժամանակավոր, այլ երկարաժամկետ, իրական ու գործնական լուծումներ։ «Իրականում դաժան տեսարան, երբ աչքիդ առաջ զրոյանում է ամբողջ տարվա ապրուստդ և դաշտում մնում է արևից այրված, ֆիզիկապես և հոգեպես մաշված, սնանկության եզրին հասած հուսահատ գյուղացին», – ասում է արշալույսցի Գրիշան, ով սոխի պարկերը ճամփեզրին շարած աչքը գնորդի ճամփին է պահում։