Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր երկրի զարգացման ռազմավարություն մշակելու համար խիստ կարևոր է ունենալ ճշգրիտ վիճակագրություն: Այն մասնագետներին հնարավորություն է տալիս վերլուծությունների կամ համեմատությունների միջոցով գնահատել իրավիճակն ու մշակել զարգացման ռազմավարություն:
Հայաստանի իրականության մեջ բազմաթիվ ձախողված բնագավառների շարքում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսությունը: Այս փաստը կարելի է հաստատ ասել՝ գնահատելով գյուղացու սոցիալական վիճակը, տափաստանի վերածվող գյուղատնտեսական հողատարածքների ծավալների մոնոտոն աճը, գյուղերից արտագաղթը: Սա անհերքելի իրականություն է, սակայն տեսնենք ի՞նչ են ասում պաշտոնական թվերը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքն ասում է, որ Հայաստանում կա 481.8 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից ոռոգելի է 152.6 հազար հեկտարը: Ազգային վիճակագրությունն ասում է, որ 2012թ. դրությամբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է միայն 67.7 տոկոսը: Դժվար չէ հաշվել, որ 2012 թվ-ին Հայաստանում գյուղատնտեսական նպատակով մշակվել է 326.2 հազար հեկտար հողատարածք:
Այժմ, ըստ նույն վիճակագրական տվյալների, տեսնենք, թե 2012 թվ-ին ի՞նչ բերքատվություն է ապահովել կիսով չափ ոռոգվող 326.2 հազար հեկտարը:

աղ1_arm

Շարքային քաղաքացուն թվերը գրեթե ոչինչ չեն ասում, միայն բնագավառից տեղյակ մարդիկ կարող են գլուխ հանել այս թվերից: Շատերը, հատկապես գյուղաբնակները, կարող են միայն զարմանալ այն իրողության վրա, որ մշակվող հողատարածքների կրճատմանը զուգահեռ արտադրված գյուղմթերքների ծավալներն անհավանական աճում են:
Փորձենք անկախ Հայաստանի այսօրվա գյուղատնտեսությունը համեմատել խորհրդային տարիների Հայաստանի գյուղատնտեսության և արտադրանքի հետ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիների գյուղատնտեսությունը գտնվում էր բոլորովին այլ մակարդակում: Հողատարածքները խոշոր էին, ինչին այսօր կոոպերացիաների միջոցով են ձգտում հասնել ՀՀ իշխանությունները, գյուղտեխնիկայի խնդիր չկար, չկար նաև ոռոգման, թունաքիմիկատների, պարարտանյութի հետ կապված խնդիրներ: Ցանքաշրջանառությունը, մթերումը կազմակերպվում էր, բուժման և թունաքիմիկատների նորամուծություններն ամեն տարի ներդրվում էր: Այսինքն, գյուղատնտեսությունը համարվում էր ստրատեգիական ոլորտ և պատշաճ սուբսիդավորվում էր պետության կողմից: Սակայն, երբ համեմատության մեջ ենք դնում խորհրդային տարիների գյուղմթերքների արտադրության պաշտոնական թվերը այսօրվա անկախ Հայաստանի վիճակագրական տվյալների հետ, տեսնում ենք, որ խորհրդային տարիներին այնքան էլ գյուղատնտեսությունից չեն հասկացել կամ թվերի հետ գործ ունենալ չգիտեին: Պատկերավոր դարձնելու համար բերենք 1985 թվականի Խորհրդային Հայաստանի գյուղմթերքների արտադրության ցուցանիշները 100 տոկոսով մշակվող և 303.0 հազար հեկտար հողատարածքների ոռոգման պայմաններում:

աղ2_arm

Ինչպես ընդունված է ասել, թվերն ավելի քան խոսուն են, սակայն անհասկանալի է, ի՞նչ է նշանակում մսի արտադրություն կենդանի քաշով: Տրամաբանությունը հուշում է, որ գյուղացու կթվող մեկ կովն ամեն տարի հաշվարկվում է որպես մսի արտադրություն՝ կենդանի քաշով:
Մեզ մնում է մի վերջին համեմատություն անել գյուղատնտեսության հիմնական մթերքների արտադրությունը բնակչության մեկ շնչի հաշվով՝ ընդունելով 1985 թվ-ին 3,4 միլիոն և այսօր 2.87 միլիոն:

աղ3_arm

Այս թվերից արդեն իսկ հասկանալի է, թե ինչու, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հաշվետվությամբ ելույթներ է ունենում, պարբերաբար հիշեցնում է, որ այս թվերը վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն են և իր վերլուծությունները հիմնված են այդ թվերի վրա:
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են գոյանում այս թվերը:
Գյուղնախարարությունը թվեր է ուզում մարզպետներից, մարզպետը գյուղապետից, գյուղապետն իր քարտուղարից: Ինչպես մասնավոր զրույցում նշեց գյուղապետերից մեկը, ով հասկանալի պատճառով չցանկացավ իրեն բացահայտել, ասաց «թիվա ուզում են, մեզնից ինչա գնում, տալիս ենք, մեկա ոչ մեկ չի կարա ստուգի էտ թվի ճշտությունը»:
Գյուղնախարարությունը թվերը տալիս է վիճակագրական ծառայությանը, վերջինս էլ հրապարակում է որպես պաշտոնական: Այնուհետև գյուղնախարարությունը, հղում կատարելով վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներին, հաշվետվություն է ներկայացնում ասելով, որ այդ թվերն իրենը չեն, ազգային վիճակագրական ծառայությանն են:
Այս թվերը կարող են այլ ծագում էլ ունենալ: Երբ գյուղացին դիմում է բանկին գյուղատնտեսական վարկ ստանալու, բանկը պահանջում է վարկային ծրագիր ներկայացնել: Գյուղացին էլ իր ակնկալվող բերքը մի քանի անգամ բազմապատկած գրում է ծրագրում, որ խնդիրներ չունենա և հնարավորինս մեծ վարկ ստանա: Այս թվերը շրջանառության մեջ դրվելով հասնում են վիճակագրական ծառայություն:
Եթե 2012թ-ի ցորենի էլիտար սերմացուի ձախողված փորձը չխանգարեց Հայաստանում հացահատիկի արտադրության թվային ցուցանիշների վերելքին, ապա կարելի է ենթադրել, որ 2013 թվ-ի կարկուտն էլ չի խանգարի գյուղնախարարի թվերի աճին:
Սակայն կա մեկ ճշմարտություն, թվերով երկրին պարենային անվտանգություն չես ապահովի: