Արմավիր համայնքում ՏԻՄ համամասնական ընտրություններ են։ Այստեղ առաջադրվել է մեկ կուսակցություն՝ քաղաքացիական պայմանագիրը 67 թեկնածուների ցուցակով։ Արմավիր համայնքն ունի 37961 ընտրող։ Ժամը 11։00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 2298 քաղաքացի, կամ ընտրողների 6.05%-ը։
16/02 ընտրատեղամասում ըստ տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Օքսաննա Պետրոսյանի քվեարկությունը սկսվել է օրենքով սահմանված կարգով։ Բողոք դիմումներ չեն արձանագրվել, խախտումներ չեն եղել։ Քաղաքացիները քվեարկության կարգին ծանոթ են, դժվարություններ չեն ունեցել։ Միայն մեկ դեպքում քաղաքացին քվեարկության համար գրիչ է ուզել, հանձնաժողովի անդամը նրան պատշաճ կերպով բացատրել է քվեարկության կարգը։ Պետրոսյանը նկատում է, քաղաքացիները պասիվ են, բայց հույս ունի օրվա երկրորդ հատվածում ակտիվություն կլինի։ Ժամը 12:00-ի դրությամբ` 1267 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 91-ը։
16/11 ընտրական տեղամասում 1550 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 117 քաղաքացի։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Ալվարդ Սահակյանը նույնպես մասնակցության պասիվություն է նկատում։ Ըստ Սահակյանի քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, խնդիրներ և դժգոհություններ չեն եղել։ Տեղեմասերում դիտորդական առաքելություն են իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Գոռ Հովհաննիսյանի խոսքով 16 ընտրատարածքի 29 տեղամասերում քվեարկությունն ընթանում է հանգիստ պայմաններում, առանց խնդիրների։