Սեպտեմբերի 1-ը նոր սկիզբների, սպասումների ու նպատակների օր է։ Հանրակրթական դպրոցները բացեցին դռները աշակերտների առաջ, հնչեց առաջին զանգն ու մեկնարկեցին օրվա գեղեցիկ ու էմոցիաներով լի միջոցառումները։ Արմավիրի թիվ 5 հանրակրթական դպրոցի բակը լի է երեխաների ժպիտներով, ծաղիկներով, առաջին զանգի հնչյուններով ու նոր ուսումնական տարվա նկատմամբ սպասումներով։
Օրը նշանակալի է հատկապես առաջին դասարանցիների համար։ Նրանց համար դպրոցը առաջին մեծ քայլն է դեպի գիտելիք, նոր շրջապատ, նոր ընկերներ և ինքնուրույնություն։
Այս օրը առանձնահատուկ է նաև ծնողների և ուսուցիչների համար։ Երեխայի յուրաքանչյուր նոր քայլ ծնողի սպասումում ու հպարտությունն է, իսկ ուսուցչի համար՝ նոր սերնդի հետ աշխատելու պատասխանատվությունն ու առաքելությունը։
Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, արդյունավետ ու հիշարժան։ Թող դպրոցական յուրաքանչյուր օր երեխաներին ոչ միայն գիտելիք, այլև վստահություն և երազելու հնարավորություն տա մեծ նպատակների իրականացման համար։
Շնորհավոր սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի և դպրության օրը։ Թող այս օրը յուրաքանչյուր աշակերտի համար դառնա կարևոր ճանապարհի ու կյանքի գեղեցիկ սկիզբ։


