Արմավիրի մարզում սկսվել է կեռասի բերքահավաքը, որին կհաջորդի ծիրանը, սալորը, դեղձը, կեռասը, խաղողը։ Թվարկված պտղատեսակների հիմնական մասը տասնամյակներ շարունակ արտահանվում էր ՌԴ և անգամ բերքի մեծ քանակության դեպքում տեղական շուկայում լճացում չէր առաջանում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում արտահանման ծավալները գնալով կրճատվեցին։ «Սրանից 5-6 տարի առաջ գյուղից շաբաթը մի քանի  ֆուռ էր ապրանքով բեռնված դուրս գալիս, գիլասի, ծիրանի սեզոնին օրը մի ֆուռ ապրանք էին հանում ստեղից, հիմա ամբողջ սեզոնին 4-5 ավտո դուրս չի գալիս։ Պատճառները տարբեր են, արտահանողները ասում են, որ Լարսի անցակետում արհեստական խնդիրների առաջ են կանգնում, օրերով և շաբաթներով քաշքշուկների մեջ են ընկնում, չեն կարողանում ապրանքը տեղ դուրս հանեն», – ասում է Սարդարապացի Կ․Մովսիսյանը, ով այս պահին երկմտում է կեռասի բերքահավաքը սկսի, թե՞ ոչ։

2026թ-ին  պատկերն ավելի ընգծվեց, մինչև բանջարեղեն և ծաղիկ արտադրողները բողոքի ալիք բարձրացրեցին իրենց արտադրանքի նկատմամբ ՌԴ-ի կողմից դրված սահմանափակումների վերաբերյալ, այսօր արդեն Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ հունիսի 2-ից սահմանափակում է սալորի, դեղձի, նեկտարինի, կեռասի, բալի և խաղողի ներմուծումը Հայաստանից։  

Ըստ Россельхознадзор-ի՝ պատճառը հայկական մրգերի մատակարարումների ժամանակ հաճախակի արձանագրվող խախտումներն են, որի մասին  հայկական կողմին բազմիցս տեղեկացվել է։

Գյուղացիները մտահոգված են, ամբողջ տարվա չաչարանքն ու ծախսը մեկ օրում կամ մեկ շաբաթում ջուրն է լցվում։ Բամբակաշատից Կառլենն ասում է, եթե կեռասը չարտահանվի, այդ քանակությունը տեղական շուկայում չի սպառվի։ Իսկ գյուղացու հույսը հողն ու հողից ստացած եկամուտն է, որով պետք է ապահովի ընտանիքի ողջ տարվա ապրուստը։

Կառավարությունը հուսադրում է գյուղացիներին։  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր  նախարար Գևորգ Պապոյանը։

Միրգ բանջարեղեն արտադրողներին այս ծրագիրը որքան էլ իրատեսական թվա, այս պահին խնդիրը չի լուծում։ Արմավիրցի Մ․Գալստյանն  ասում է, որ բերքը ամիսներով կամ տարիներով ծառերի և բույսի վրա չի սպասում, որ որոշումները պետք է  կայացվեն ավելի շուտ, նոր շուկաների  ճանապարհներ փնտրեն ոչ թե բերքահավաքի ժամանակ, այլ դրանից առաջ, այսինքն խնդիրները պետք է լուծվեն, մինչև պտուղ  բանջարեղենի  հասունացումը։ Գալստյանի հետ համակարծիք են նաև հարևան այգետերերը։