Վերջին 3 տարիների ընթացքում Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճից, ինչպես մասնագետներն են անվանում՝ ֆիլոքսերայից: Այս որդալվիճին մասնագետները համարում են շատ վտանգավոր, քանի որ այն հիմնականում բույսի արմատին է ձվադրում և սնվում արմատի հյութից: Արդյունքում բույսը չորանում է: Ֆիլոքսերան բազմանում է կայծակնային արագությամբ և վնասում է խաղողի այգիները:
Ֆիլոքսերայի առավել մեծ քանակություն մասնագետները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների մոտ 8,5 հեկտար խաղողի այգիներում: Քանի որ գործող այգիներում ֆիլոքսերայի դեմ պայքարն անհնար էր, իսկ բազմացումը՝ անխուսափելի, կառավարությունը որոշում ընդունեց Աղավնատուն և Գայ գյուղական համայնքներում հայտնաբերված բույսերի վնասակար օրգանիզմ համարվող որդալվիճի դեմ պայքարի միջոցառումների ծրագիր իրականացնել: Մասնավորապես նախատեսվում է վարակված խաղողի այգիներում իրականացնել պայքար՝ այգիները քանդելու և 3 տարի տարածքն անմշակ թողնելու միջոցով: Նախատեսվում է նաև քանդված այգիների սեփականատերերին 3 տարի հատկացնել փոխհատուցում տարեկան մեկ հեկտարի հաշվով 1 միլիոն 60 հազար դրամ փոխհատուցում: Կառավարության որոշմամբ այգիների քանդման աշխատանքները պետք է կատարեն գյուղացիները, որի համար գյուղացուն կտրվի 512 հազար դրամ մեկ հեկտարի համար:
Առաջին հայացքից ամեն ինչ ողջունելի է. պետական մակարդակով կազմակերպվում է համալիր պայքար վնասատուների դեմ, գյուղացին էլ փոխհատուցում է ստանում: Սակայն գյուղացին իրեն խաբված է համարում:
Անդրադառնանք Աղավնատուն համայնքի խաղողագործ Վարդան Գևորգյանի պարզ հաշվարկին: Ըստ Գևորգյանի իր հողատարածքը կազմում է 7500 քառակուսի մետր և տարեկան ստացել է 17-23 տոննա խաղող, որը գործարանային մթերման գներով կազմում է 2,38 – 3,22 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ իրեն տարեկան հատկացնելու են 795 հազար դրամ: Իր ընտանիքը բաղկացած է 7 անձից և եկամտի միակ աղբյուրը քանդվող խաղողի այգին է:
Գյուղացու մտահոգությունը տեղին է, քանի որ 7 անձից բաղկացած ընտանիքին ամսական հասանելիք գումարը կազմում է 66 հազար դրամ: Կառավարությունն իր որոշման մեջ շրջանցել է հողի հարկը, գյուղացին ստիպված է լինելու այդ 3 տարիներին վճարել հողի հարկ տարեկան 40 հազար մեկ հեկտարի համար:
Այժմ տեղափոխվենք 2016 թվական, և ենթադրենք ֆիլոքսերան վերացավ, գյուղացուն քանի՞ տարի է անհրաժեշտ նոր խաղողի կամ պտղատու այգի հիմնելու համար: Ամենաբարենպաստ պայմաններում այգի հիմնելու համար ամենաքիչը 4-5 տարի է անհրաժեշտ: Թե ի՞նչ միջոցներով է գյուղացին այս տարիներին կերակրելու իր ընտանիքը, ոչ մի որոշման մեջ չի նշվում: