Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խաղողով բեռնված բեռնատարների հերթը գյուղից դուրս է գալիս։ Գյուղացիներն ասում են՝ 2-3 օր է, սպասում են իրենց հերթին, որպեսզի հանձնեն խաղողը։ Սուրենն Ամասիայից է խաղողը Արմավիր բերել, գործարանի հետ պայմանագիր ունի, նախապես մթերման օր է գրանցել, հոկտեմբերի 11-ին պետք է մթերեր խաղողը, բայց հերթն իրեն չի հասել։

Նորավանցի Սևակը 2 հեկտար խաղող է մշակում, 55-60 տոննա բերք է ակնկալում։ Գործարանի հետ պայմանագիր ունի, իրեն հատկացված օրերի համաձայն երկու անգամ արդեն հանձնել է խաղողը։ Մեկ բեռնատար խաղող երեկվանից է հերթին սպասում, այսօր ևս մեկն է բերել, ե՞րբ հերթը կհասնի, չգիտի։

Գործարանը խաղողի մեկ կիլոգրամի համար սահմանել է 140 դրամ, բայց, կապված շաքարի քանակի հետ, սակագինը կարող է փոփոխական լինել։ 19․7 տոկոս քաղցրության դեպքում 140 դրամ է։ Սակագինը կարող է նվազել շաքարի քանակի նվազմանը զուգահեռ, օրինակ՝ 15.7 տոկոս շաքարայնության դեպքում սակագինը կդառնա 100 դրամ։

Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Վահե Շահինյանից տեղեկանում ենք, որ հերթերի կուտակումը կապված է տարաների քանակի սղության հետ։ Գործարանը մթերում է մեծ քանակությամբ խաղող և ազատ տարաներ չեն եղել խաղողի վերամշակման համար, այդ պատճառով էլ մթերման գործընթացը դանդաղել է և հերթ առաջացել։ Խնդիրն արդեն կարգավորվել, տարաների քանակը գործարանն ավելացրել և այժմ հերթերից խուսափելու համար այգետերերի հետ կատարվում է մթերման ժամանակացույցի փոփոխություն, որպեսզի նման իրավիճակ չստեղծվի,- ասում է Շահինյանը և վստահեցնում՝ պայմանագրով նախատեսված ամբողջ քանակությունը գործարանը կմթերի, գյուղացիներն անհանգստանալու պատճառ չունեն։

Մասնաճյուղի տնօրենի խոսքով, արդեն իսկ մթերվել է 15 հազար տոննայից ավելի խաղող։ Մթերումը սկսվել է օգոստոսի 22-ից և շարունակվում է գրեթե նույն ծավալով։ Նշենք, որ, բացի տեխնիկական սորտից, Պռոշյանի կոնյակի գործարանում մթերվում է նաև խաղողի սեղանի տեսակը՝ նույն պայմաններով։

Շահինյանի խոսքով, ծանրաբեռնվածությունն է մեծ, եթե մյուս գործարանները շարունակեին խաղողի մթերումները, ապա այստեղ կուտակումներ չէին առաջանա։