Գյուղատնտեսական տարին Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների համար հուսադրող չէր։ Մի կողմից ցրտահարությունը, մյուս կողմից՝ կարկուտը։ Եթե հետհայացք գցենք արդեն հասունացած և իրացված գյուղատնտեսական արտադրատեսակներին, ապա կարող ենք արձանագրել, որ կեռասի բերքատվությունն այս տարի կրկնակի անգամ պակաս էր, նախորդ տարվա համեմատ, պատճառը՝ ըստ գյուղացիների կեռասի ծաղկման շրջանում երկարատև անձրևներին էին, որի պատճառով փոշոտում տեղի չէր ունեցել։ Ծիրանի սպասվող բերքի անգամ 30 տոկոսը չապահովեց այս տարի, գրեթե նույն պատճառով, իսկ եղածի մեծ մասը կարկուտը վնասեց, ինչպես օրինակ Արագածավանում, Վարդանաշենում։ Սալորի բերքատվությունը նույնպես փայլուն արդյուք չի տվել, այգետերերն ասում են այգիների որոշ հատվածում ընդհանրապես պտուղ չկա, որոշ հատվածներում կիսով չափ։ Դեղձի դեպքում գյուղացիները կարծես գոհ են բերքատվությունից, համենայնդեպս Հացիկ գյուղում ասում են,որ բերքը վատ չէ և շուտով կսկսվի մասսայական բերքահավաքը։

Հիմա խնդիրն այլ է, արտահանման սահմանափակումները, ինչպես արդեն հայտնի է պտուղ բանջարեղենի իրացման լուրջ խնդիրներ ստեղծեցին ֆերմերների համար։ Ինչպես գյուղացիներն են ասում, կեռասն ու ծիրանը քիչ էր, դրա համար էլ ներքին շուկայում հնարավոր եղավ սպառել։ Բայց բանջարեղենի, սալորի և դեղձի պարագայում պատկերն այլ է։ Առայժմ դժգոհություններ չեն եղել սեխի և ձմերուկի վաճառքից ու սակագնից, ավելին՝ այս տարի սեխը և ձմերուկը գրեթե կրկնակի թանկ է վաճառվում քան նախորդ տարի էր։ Գյուղացիներն ասում են պատճառները տարբեր են, ցանքատարածությունների կրճատումից, մինչև բարձր պահանջարկ։

Հացիկցի էդիկ Թադևոսյանը  5 հեկտար դեղձի այգի ունի, ծառերը 10-տարեկան են։ Այս տարի կատարյալ բերք է ակնկալում։ Ասում է 10-ը տարի այգում միայն ներդրումներ է կատարել, ծառերը հասցրել բերքի, հիմա չգիտի, բերքը կվաճառվի՞, թե՞ ոչ։

Ըստ Թադևոսյանի ստացված բերքը հիմնականում իրացվում էր արտահանողների միջոցով, իսկ այս տարի արտահանումը բազմաթիվ խնդիրների հետ է կապված, գնորդներ չեն մոտեցել, մինչդեռ նախորդ տարիներին արտահանողները բերքահավաքից մեկ ամիս առաջ էին պայմանավորվածունուն  ձեռք բերում այգետերերի հետ դեղձը գնելու համար։ Առայժմ նոր է սկսել բերքահավաքը, փոքր քանակությունը կարողանում է շուկայում սպառել, բայց մասայական բերքահավաքի շրջանում, այդ քանակությունն անհնար կլինի տեղական շուկայում իրացնել, հույսը՝ մթերող կազմակերպություններն են ու չրագործությամբ զբաղվողները։ Այս պահին միջին որակի դեղձի մեկ կիլոգրամը տեղում վաճառում է  350, ավելի որակյալը՝ 500 դրամով։ Ասում է նոր է հասունանում, քիչ քանակությամբ է հավաքվում, իսկ եթե բոլորը սկսեն բերքահավաքը պարզ է գնանկումն անխուսափելի կլինի։

Թադևոսյանը լավատեսությունը չի կորցնում, վստահ է, ելքեր կգտնվեն, միայն ուզում է, որ պետական մարմինները ավելի վաղ մտածեն իրացման կազմակերպման հարցերի մասին, քան կսկսվի համատարած բերքահավաքը։