Գյուղացիական տնտեսություններն այս տարի հայտնվել են բարդ իրավիճակում։ Դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման սահմանափակումները շուկայում ճգնաժամ են ստեղծել։
Օրինակ՝ Գագիկ Հովսեփյանը տասնյակ տարիներ զբաղվում է բանջարեղենի արտադրությամբ՝ մշակելով լոլիկ, պղպեղ, կաղամբ և կարտոֆիլ։ Տարիներ շարունակ ներդրումներ է կատարել, տեխնիկա ձեռք բերել, ջերմոցային տնտեսություն հիմնել և որակյալ բերք ստանալու բոլոր ջարնքերը գործադրել։ Ասում է այդ ամենն արել է վարկային միջոցներով, սեփական ֆինանսական հնարավորություններով անհնար կլիներ։ Իսկ վարկային պարտավորությունները նա սովորաբար մարում է բերքի իրացման շրջանում։ Այս տարի, սակայն, բերքը վաճառել չի կարողանում։Հասունացած լոլիկների ծանրությունից ճկված թփերը սպասում են գնորդի։ Իսկ գնորդները պակասել են, քանի որ արտահանման խնդիրները շատ են կամ՝ անհնարին։

Վաճառք տեղական շուկայում
Արտադրված գյուղմթերքի ծավալները մեծ են, եթե պտղի դեպքում այս տարի ցածր բերքատվություն էր գրանցվել, ապա բանջարեղենի պարագայում պատկերը հակառակն է։ Լավագույն բերքատվություն են ապահովել կարտոֆիլը, սոխը, լոլիկը, վարունգն, սմբուկն ու պղպեղը, ասում է ջրառատցի Հրանտը, ով այս պահին սկսել է պղպեղի և սմբուկի բերքահավաքը։ Նա ապրանքը վաճառում է տեղացի գնորդներին, սմբուկի մեկ կիլոգրամը 200-250 դրամով, իսկ պղպեղը՝ 150-180 դրամով։ Արտահանողներից Հրանտն այս տարի առաջարկ չի ստացել, համոզված է, որ տոննաներով բերքը ներքին շուկայում չի սպառվի։

Հարցին, թե ինչո՞ւ է քաղաքային շուկաներում, բանջարեղենի կրպակներում և խանութներում ապրանքի արժեքը կրկնակի, երբեմն եռակի անգամ թանկ, նա պատասխանում է՝ «որովհետև վերավաճառողն ավելի շատ եկամուտ է ուզում ստանալ, քան հողի մշակը։ Նախ՝ գյուղացուց ապրանքը գնում է առաջին միջնորդը, հետո նրանից գնում է կրպակի կամ խանութի վաճառողը։ Ստացվում է, որ բացի գյուղացուց ևս երկու հոգի գին են ավելացնում, և ապրանքը վերջնական սպառողին է հասնում չորրորդ անձի ձեռքից»։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե գյուղացին կարող է իր ապրանքն ինքնուրույն վաճառել մանրածախ շուկայում, Հրանտը բացատրում է,-« արտադրողն այդքան ռեսուրս և ժամանակ չունի, որպեսզի ամեն օր շուկա գնա ու քիչ քանակությամբ վաճառք իրականացնի, օրինակ օրական 100 կամ 200 կիլոգրան, այն դեպքում, երբ տոնննայով բերք է հավաքում։ Մեծ արտադրության դեպքում գյուղացին հազիվ է հասցնում կազմակերպել բերքահավաքը և ստիպված է միայն տեղում մեծածախ վաճառք իրականացնել, հակառակ դեպքում բերքի մեկ երրորդը կիրացվի, իսկ մնացած մասը գերհասունացման ու որակազրկման կգնա»։

Ո՞վ է շահում, արտադրո՞ղը, թե՞ վերավաճառողը
Ինչպե՞ս է աշխատում վաճառքի շղթան. միջնորդները մեծածախ գներով բերքը գնում են անմիջապես դաշտից (բնականաբար՝ շատ ցածր գնով) և տեղափոխում մայրաքաղաք, կամ հանարապետության տարբեր քաղաքներ, որտեղ այն անցնում է ևս մեկ կամ երկու օղակով (մեծածախ շուկա, այնուհետև՝ մանրածախ խանութներ կամ սուպերմարկետներ)։ Յուրաքանչյուր օղակ իր շահույթի տոկոսն ու տրանսպորտային ծախսերն է գումարում ապրանքի արժեքին

Պետք է հաշվի առնել նաև, որ շատ դեպքերում գյուղացին չունի համապատասխան տրանսպորտային միջոցներ տեղափոխման կամ հնարավորություն, օրինակ՝ սառնարան, որ կարողանա բերքը երկար ժամանակ թարմ պահել և աստիճանաբար շուկա դուրս բերել։ Երբ սկսվում է բերքահավաքի սեզոնը, շուկայում առաջանում է տվյալ բանջարեղենի ավելցուկ։ Իսկ քանի որ ապրանքատեսակն արագ փչացող է, գյուղացին ստիպված է լինում այն վաճառել ցանկացած, երբեմն չնչին գնով։
Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ ֆինանսական ամբողջ ռիսկն ու ֆիզիկական ծանր աշխատանքը կրում է գյուղացին, սակայն հիմնական գերշահույթը բաժին է հասնում տեղափոխող և վաճառող միջնորդ օղակներին, իսկ վերջնական բարձր գնից տուժում է սպառողը, բացատրում է արշալույսցի Մխիթարը, ով շտապում է սկսել սեխի և ձմերուկի բերքահավաքը, քանի դեռ գնորդ է հանդիպել։

Հ․Գ․- Ինչ վերաբերում է եվրոպական շուկաներ արտահանվող ապրանքատեսակներին, Արմավիրի մարզի մի շարք գյուղացիական տնտեսությունների հետ զրույցից պարզ է դառնում, որ եվրոպական շուկայի հեռանկարները դեռևս չեն հասել հայ գյուղացու դաշտեր. նրանք այդ ազդեցությունն իրենց մաշկի վրա դեռ չեն զգացել։