Մարտի 12-ին Կոտայքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցավ «Սև հովազ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանի դատական նիստը՝ դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ։

Սերոբ Գասպարյանը մեղադրվում է այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, դիտավորությամբ ստեղծել է ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ։

Հանրային մեղադրող Գորիկ Հովակկիմյանը դատարանին միջնորդեց Սերոբ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։

Սերոբ Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեցին, որ դատարանը փոխի խափանման միջոց կալանքը և  կիրառի այլընտրանքային խափանման միջոց՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։  

Սերոբ Գասպարյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը։  «Կեղծ մեղադրանքով, 6 ամիս է, ես ազատությունից զրկված եմ։ Ես կալանավորված եմ հայրենիքս շատ սիրելու, պաշտպանելու համար», – դատարանի դահլիճում ասաց «Սև հովազ» ռազմա-հայրենասիրական ՀԿ նախագահ,  հրամանատար Սերոբ Գասպարյանը և ավելացրեց,- «90-ականներին մենք ենք հայրենիքը «ծնել» և նվիրել մարդկանց, ովքեր կրթություն են ստացել, ամուսնացել և երեխաներ են ունեցել այս երկրում։ Ես ասել եմ՝ անձամբ դեմ եմ դուրս գալու էն մարդկանց, ովքեր իմ «ծնած» հայրենիքի վրա զենք կբարձրացնեն։ Էս փաստը վարույթ իրականացնող մարմինը և մեղադրող կողմը մի կողմ են դրել, ինչ-որ անհասկանալի ծագում ունեցող մարդկանց ասածը հիմք են ընդունել ու մեղադրանք առաջադրել։ 2022թ․ մայիսին ադրբեջանական լրատվամիջոցները ցույց տվեցին ինձ և հայտնեցին իբր ես ռեվանշիտ եմ, տեռորիստ եմ և ուզում եմ իշխանությունը վերցնեմ, որ հարձակվեմ Ադրբեջանի վրա։ Երբ կարդում եմ այս մեղադրանքը, ոչնչով չի տարբերվում իրանց ասածից։ Զրկել եք ինձ իմ թոռների հետ ապրելու իրավունքից։ 90-ականներին մեր երեխաներից բան չհասկացանք։ Եկավ ժամանակը, որ մեր թոռների հետ պիտի ուրախանանք, երեխաների գուրգուրանքը թոռներից վերցնենք։ Մենք երազել ենք ունենալ իրական հայրենիք, որտեղ կլինի արդարություն, արդարադատություն և սեր։ Ես հավատս դեռ չեմ կորցրել, որ արդարադատությունը կհաղթի։ Ես կարծում եմ, որ այսօր իսկական ժամանակն է, որ արդարադատության մեջ առաջամարտիկ ունենանք, թե չէ ի՞նչ է նշանակում՝ կարծիքի համար մարդուն կալանավորել։ Ես իմանալով, որ վկաներ եք սկսել հարցաքննել, այդ ժամանակ երկու անգամ երկրից դուրս եմ գնացել, Եվրոպա եմ գնացել, է~ չէի գա, բայց եկել եմ, ումի՞ց փախնեմ, ձեզանի՞ց, իմ հայրենիքի՞ց։ Իմ եղբայրս՝ Ռուստամ Գասպարյանը, ասել է՝ «Նվիրյալները չեն դավանափոխվում»։ Մենք այդ կարգախոսով ենք առաջնորդվում։ Մենք նվիրյալ ենք մեր հայրենիքին, ազգին ու մեր պետությանը։ Այս պետությունը մենք ենք կառուցել, շենացրել ու կշենացնենք», – իր խոսքն այսպես եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

Դատարանը որոշեց  երեք ամսով երկարաձգել Սերոբ Գասպարյանի կալանքը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 15-ին, ժամը 14։00-ին։

Նշենք, որ Սերոբ Գասպարյանին դատարանի բակում սատարում էին հարյուրից ավելի քաղաքացիներ, «Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներ։