Հոկտեմբերի 2-ին՝ կեսօրի դրությամբ, Արմավիրի մարզում տեղավորվել է 1101 Արցախից բռնի տեղահանված ընտանիք։
Նրանցից շատերը ժամանակավոր բնակություն են հաստատել առաջարկված ժամանակավոր կեցության վայրերում՝ հյուրանոցներ, հյուրատներ, գյուղերում՝ ազատ տներ, հյուրընկալող ընտանիքներ, հաստատություններ, որոնք հարմարեցվել են ժամանակավոր կացության համար։ Կան ընտանիքներ, ովքեր արդեն բնակարաններ են վարձակալել, կան ընտանիքներ, ովքեր առայժմ հարազատների, ծանոթների մոտ են հյուրընկալվել։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Արցախցի ընտանիքների բաշխվածությունը Արմավիրի մարզում այսպիսին է (թվերը փոփոխվող են)․


Վաղարշապատ համայնք – 340 ընտանիք՝ 1476 անձ
Մեծամոր համայնք – 152 ընտանիք՝ 639 անձ
Արմավիր համայնք – 134 ընտանիք՝ 671 անձ
Արաքս համայնք – 116 ընտանիք՝ 451 անձ
Խոյ համայնք – 152 ընտանիք՝ 639 անձ
Փարաքար համայնք – 74 ընտանիք՝ 287 անձ
Բաղրամյան համայնք – 42 ընտանիք՝ 177 անձ


Ֆերիկ համայնքում առայժմ արցախցի ընտանիքներ չեն հյուրընկալվել։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար հոկտեմբերի 1-ից սկսվել է բնակության ծախսերի աջակցության ծրագիրը:
Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, եվս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ ծախսերի համար: Ծրագիրը կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի համար 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի այս շաբաթ: