Հասարակությունը տարբեր պատճառներով ոչ մի կերպ չի կարողանում օգտվել պետական պատվերով նախատեսված բժշկական ծառայությունից: Բժիշկներն ամենատարբեր պատճառաբանություններով դրամական փոխհատուցում են պահանջում հիվանդներից:
Օրինակներով ներկայացնենք պետպատվերով նախատեսված բուժօգնության ամենատարածված կոռուպցիոն դրվագները: Ասենք հիվանդը բուժհաստատություն է դիմել սրտանոթային համակարգի կտրուկ վատթարացման պատճառով: Հիվանդի ճնշումը կչափեն, էլեկտրասրտագրում կանեն, վերջում էլ մի հանգստացնող դեղ կներարկեն և կհրահանգեն, որ պետք է վճարում կատարել: Երբ հիվանդը վճարման վերաբերյալ առարկություններ ներկայացնի, նրան կսկսեն բացատրել, որ ճիշտ է, առաջին բուժօգնությունը կատարվում է պետական պատվերի շրջանակներում, սակայն, երբ այդ գործընթացում օգտագործվում են հատուկ բարդ սարքավորումներ, պետք է վճարում կատարել: Այստեղ անհասկանալի է, թե ո՞ր սարքավորումներն են համարվում հատուկ բարդ սարքավորումներ: Օրինակ՝ լանցետը, ունելին կամ էլեկտրասրտագրող սարքը, սարքավորումների ո՞ր դասի մեջ են մտնում, բա՞րդ են, թե՞ պարզ: Խեղճ հիվանդը ո՞րտեղից իմանա, որ, հատկապես մարզերում, ընդհանրապես գոյություն չունի բժշկական հատուկ բարդ սարքավորում:
Անցնենք դեղորայքին: Որպես կանոն, պետական պատվերով բուժվող հիվանդները հատկապես հիմնական բուժող դեղորայքը ձեռք են բերում դեղատներից: Հատկանշականն այն է, որ բուժող բժիշկն է խորհուրդ տալիս, թե որ դեղատնից հիվանդը ձեռք բերի դեղորայքը: Լինում են դեպքեր, երբ բուժող բժիշկը հիվանդին ասում է, որ այս դեղը Հայաստան ներմուծվող դեղերի ցանկում չկա, միայն այս դեղատանն է վաճառվում: Դժվար չէ կռահել, որ պետական պատվերի շրջանակներում նախատեսված դեղորայքը վաճառվում է դեղատներում, ավելին՝ շատ բժիշկներ ունեն սեփական դեղատուն: Օրինակ, Արմավիր քաղաքում շատ քիչ դեղատներ կան, որ ուղղակի կամ անուղղակի կապ չունեն բուժաշխատողի հետ: Այնպես է ստացվում, որ նույն դեղը մեկ անգամ գնվում է պետական գնումներով, իսկ երկրորդ անգամ՝ հիվանդի կողմից:
Բուժհիմնարկներում զավեշտը սկսվում է, երբ հղի կինն առաջին անգամ այցելում է բժշկին: Սոնոգրաֆիկ ստուգում անցնելու համար պետք է վճարել: Բժիշկը վճարումը արդարացնում է նրանով, որ ստուգումից և գրանցելուց հետո է կինը դառնում հղի, իսկ մինչ այդ հղի չի և պարտավոր է վճարել: Առաջին օրը ամեն ինչ վճարովի է, ընդհուպ մինչև արյան զննություն: Հղի կնոջը բժիշկը հրահանգում է, որ ամիսը մեկ պետք է այցելի զննության, սակայն եթե առողջության վատթարացում նկատվի և կինը, ամիսը չլրացած, ստիպված այցելի զննության, դա արդեն կատարվելու է վճարովի հիմունքներով: Հանկարծ, եթե ապագա մայրը ցանկանա երեխայի սեռը իմանա, դա կապված կլինի լրացուցիչ վճարումների հետ:
Ամենաշատը պետական պատվերի շրջանակներում բուժվում են երեխաները, որոնց համար դեղորայք ընդհանրապես գոյություն չունի բուժհիմնարկներում: