Արմավիրի մարզի կարկտահարված համայնքների գյուղացիական տնտեսությունների բողոքի ակցիաներին ի պատասխան մայիսի 16-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնարկեց, որ օժանդակություն կլինի սոցիալապես անապահով ընտանիքներին: Իր ակնարկը հաստատեց նաև մայիսի 23-ի կառավարության նիստում:
Փորձենք հասկանալ վարչապետի նշած օժանդակությունից քանի՞ ընտանիք է օգտվելու: Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիք կարելի է համարել այն ընտանիքներին, որոնք օգտվում են ընտանեկան նպաստներից: Գյուղերում ընտանեկան նպաստից հիմնականում կարող են օգտվել ընտանիքներ, որոնք՝
1. չունեն գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հողատարածք և գործազուրկ են,
2. ունեն փոքր հողակտոր, միևնույն ժամանակ բազմանդամ են և գործազուրկ,
3. ունեն փոքր հողակտոր և ընտանիքում կան հաշմանդամներ:
Եթե այս 3 խմբի ընտանիքներն ունենան հարազատ արտերկրում կամ ասենք 200 հազար դրամանոց ավտոմեքենա, չեն կարող օգտվել ընտանեկան նպաստներից և սոցիալապես անապահով կոչվելուց: Զավեշտ է, սակայն փաստ, որ եթե այս ընտանիքները չունենան հողի հարկի, ջրի վարձի կամ խանութին պարտքեր, դժվար թե հայտնվեն նպաստառուների և սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում:
Ըստ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մոտավոր տվյալների մարզի համայնքներում հողատեր սոցիալապես անապահով ընտանիքների քանակը կարելի է մատների վրա հաշվել, իսկ հողազուրկ անապահով ընտանիքները գյուղի տնտեսությունների մեկ տոկոսը հազիվ կազմի:
Այստեղ է, որ հարց է առաջանում Տիգրան Սարգսյանի ակնարկը սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու մասին ու՞մ էր հասցեագրված:
Եթե հողատեր անապահով ընտանիքներին, որոնց թիվն աննշան է ընդհանուր տուժած ընտանիքների քանակի մեջ, ուրեմն օժանդակության ընդհանուր ծավալն էլ աննշան կլինի, որի մասին բարձրաձայնելն ուղղակի պոպուլիզմ է:
Եթե ակնարկը վերաբերում էր հողազուրկ սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց համար կարկուտն այնքանով է վնասակար եղել, որ նրանք իրենց գյուղում այլևս չեն կարող օրավարձով գյուղատնտեսական աշխատանք կատարել և ստիված կլինեն իրենց ծառայությունը առաջարկել այլ՝ կարկտահարությունից փրկված գյուղերի գյուղացիական տնտեսություններին:
Այսօր կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի 43 գյուղերի գյուղացիական տնտեսությունների 80-90 տոկոսը հայտնվել է աղետալի սոցիալական ծանր վիճակում և, նույնիսկ եթե կառավարությունը հրաշք գործելով, բոլորի վարկերի մայր գումարն ու տոկոսադրույքը սուբսիդավորի, մեծ հաշվով դրանից էական փոփոխություն չի լինի գյուղացու սոցիալական վիճակում, քանի որ գյուղացին այսօր ցամաք հաց ուտելու փող չունի: