«Արմավիրում դեղձի և Սյունիքում թզի բերքատվությունը բավականին լավ է և ոլորտն աջակցության կարիք ունի, – այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ավելացրեց, – մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, և արտահանումները շարունակվում են թզի, դեղձի և մյուս պտուղ-բանջարեղենի, ծաղիկի դեպքում և ավելացնում ենք նոր բաղադրիչ։ Թզի և դեղձի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս և սրանով ցանկանում ենք նվազագույնը երկու խնդիր լուծել։ Խնդիր մեկ՝ բնականաբար մեր գյուղացիական տնտեսությունների մոտ առկա բերքի սպառումն է, և խնդիր երկու՝ սա մշակող- արդյունաբերող զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, չիր, բնականաբար ենթադրվում է նաև, որ գնային առումով ավելի մրցունակ ապրանք ենք ունենալու։ Մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու, ըստ էության, լավ գնով ձեռք բերել ապրանքը, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ փոխհատուցում ստանալ և դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել և արդեն պատրաստի արտադրանքը մեր տեղական շուկայի և արտահանման համար մրցունակ գնով արտադրանք առաջարկել։ Ծրագրի ամբողջ տրամաբանությունը սա է և մինչև սեպտեմբերի 1-ը, մեր կանխատեսումներով, շուրջ 3000 տոննա դեղձ կմթերվի և առավելագույնը 400 տոննա թուզ», – ասաց Գևորգ Պապոյանը։
«Եթե նախորդ ծրագրով մենք աջակցում էինք ուղղակի արտահանողներին, այս դեպքում վերամշակման նպատակով մթերումների համար ենք աջակցություն տալիս։ Ինչո՞վ է սա կարևոր։ Կարևոր է նրանով, որ կլուծենք առաջին հերթին հիմնական խնդիրներից մեկը, այս պարագայում՝ թզի և դեղձի սպառման խնդիրը։ Մենք օպերատիվ հետևում ենք իրավիճակին, մեր գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք և որտեղ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք», – վստահեցրեց էկոնոմիկային նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց․ – «Կարևորը մենք դինամիկ ենք մեր գործունեության մեջ և շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքում ենք։ Հիմա մեր խնդիրն է արտահանման հետ կապված խնդիրներին աջակցել և կոնկրետ դեղձի ու թզի դեպքում չրի արտադրությունը վերամշակման շղթայի մեջ մտցնել այդ ապրանքը՝ հետագայում արտահանման պոտենցիալը ավելի մեծացնելու համար և հույս ունենք, որ արդեն մեր վերամշակողներն իրենց արտադրանքն ավելի լայն շուկաներում սպառելու կանխավարկածով կկառուցեն իրենց արտադրական ցիկլերը։ Մենք հիմա մեր մթերողների միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցում ենք, որպեսզի թզի և դեղձի սպառման խնդիրը լուծենք»։