2011 թ-ին գյուղնախարարը լրատվության բոլոր միջոցներով հպարտանում էր գյուղացիությանը ապառիկով հատկացվող կարտոֆիլի, գարու և ցորենի սերմացուների տրամադրման փաստով: Ապառիկով, քանի որ բերքը հավաքելուց հետո գյուղացին սերմնացուի գինը պետք է  կրկնակի վերադարձներ: Այդ հաճույքից Արմավիրի մարզի գյուղացիներին բաժին ընկավ ցորենի սերմացու:

Աշնանը ցորենը ցանվեց, մնում էր սպասել խոստացած բարձր բերքատվությանը: Հենց այստեղ են ասում, որ ուրբաթը շաբաթից առաջ ընկավ և գյուղացիները բերքահավաքից 2 ամիս առաջ հասկացան, որ բարձր բերքի մասին խոսք լինել չի կարող, ու մնում է հուսալ, որ <<տակ տալ>> էլ չի լինի:

Արարատյան հարթավայրում տեղական ցորենն արդեն բարձրացել է 30-40 սմ ու դեռ հասկ չի տվել, իսկ ներմուծվածը 20-25 սմ-ից հասկ է տվել, գյուղացիների լեզվով ասած <<կռուտ>> է տվել: Արմավիրի մարզի Նոր-Կեսարիա համայնքի բնակիչները հավաստում են, որ ներմուծված սերմի ցորենի հասկերն էլ չեն բարձրանա և գաճաճ հասկեր կստացվեն, որի բերքահավաքը անհնար կլինի: Կատակասերներն էլ հեգնանքով ավելացնում են, որ <<միայն պռճոկելով կարանք բերքը հավաքենք>>: Ըստ գյուղացիների, եթե նույնիսկ բարձր բերքատվություն ստացվի, կեսից ավել կորուստ կլինի, քանի որ կոմբայնի դանակը գաճաճ ցորենին չի հասնի: