Հունիսի 9-ի սելավն ու կարկուտն անտարբեր չեն անցել նաև Խաչատրյանների 2000 քմ հողատարածքի կողքով: Արմավիրցի Աշոտ Խաչատրյանի երկու ամառանոցները գտնվում են Մեծամորի Այգեգործական ընկերության թաղամասում: Սելավաջրերից ամբողջովին ավերվել է Խաչատրյանի հողամասը, սատկել ընտանի կենդանիները: Այս տարի Խաչատրյանը լոլիկի և կարտոֆիլի մշակությամբ էր զբաղվում, առատ բերք էր ակնկալում: Սպասելիքները մեծ էին նաև խաղողի այգիներից: Սակայն սելավաջրերը ողողել են ոչ միայն մշակելի հողատարածքը, այլև տան երկու նկուղներն ու անասնագոմը, որի հետևանքով էլ խեղդվել են հավերն ու նապաստակները: Արտակարգ իրավիճակի հաջորդ օրը Խաչատրյաններն անասնագոմից ու նկուղներից դուրս էին բերում խեղդված հավերին, հեռացնում ցեխաջրերն ու դեռ չհալված կարկուտը: Միայն այդ ժամանակ էին նրանք նկատել, որ մի հավ է ողջ մնացել:
<<Այս մեկը հավը ամենախորամանկն ու բախտավորն էր>>,- կատակում է Խաչատրյանը: Իր վնասի մասին Խաչատրյանը չի մտածում, ասում է հիասթափված եմ, բայց ոչ այնքան, որքան մյուսները: Ըստ Խաչատրյանի, իր դեպքում, անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվելը զուտ հաճելի զբաղմունք էր: Դա անում էր աշխատանքին զուգահեռ, ազատ ժամերին, իսկ ահա շատերի համար դա ապրուստի միջոց է, որը ավերվեց կարկուտի և սելավի պատճառով: Խաչատրյանը մտահոգված է հարևանների ճակատագրով և հույս ունի, որ վնասը վերականգնելու միջոցը ոչ միայն հողագործի, այլև պետության խնդիրը կլինի:
Նշենք, որ հեղեղաջրերի հետևանքով Խաչատրյանի ամառանոցի հարևանությամբ շրջվել են չորս էլեկտրասյուներ: Բարեբախտաբար այդ ժամանակ տարածքում մարդիկ չեն եղել: